211652_close_icon
views-count1685 դիտում article-date 19:19 30-12-2020

Մեր նվաճումներով վառ պահենք մեր հերոսների հիշատակը. ՀԸՖ-ի ամանորյա ուղերձը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր շնորհավորական ուղերձն է հղել գալիք տոների կապակցությամբ: Սիրելի մարզասերներ, անցնող 2020-ը լի էր ցավով ու անդառնալի կորուստներով: Նախ ազգովի պայքարում էինք Քովիդ-19-ի վարակի դեմ, այնուհետև պատերազմում էինք թշնամու դեմ՝ հանուն հայրենի հողի: Մեզանից շատերը վերջին հրաժեշտը տվեցին իրենց եղբայրներին, հայրերին, որդիներին ու սիրելիներին, այս ցավն ու ցասումը մեր մեջ երկար է մխալու… Անվերջ շնորհակալ ենք ու հավերժ խոնարհված նրանց հիշատակի առաջ, ինչպես նաև նրանց առաջ, ովքեր պայքարեցին ու մինչև օրս պաշտպանում են հող հայրենի: Ըմբշամարտի ընտանիքն անդառնալի կորուստներ ունեցավ, որի համար ևս մեկ անգամ ցավակցում ենք զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին: Պատիվ ունենք: Եվ ուրեմն, արժանի լինենք մեր հերոսներին և մեր նվաճումներով ու ազգանվեր գործով վառ պահենք նրանց հիշատակը: 2020 թվականին, պաշտոնական մրցումներում, հայ մարզիկները նվաճել են 22 մեդալ, որից 10-ը՝ մեր ըմբիշները: Եվրոպայի չեմպիոններ են դարձել Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը և Արսեն Հարությունյանը: Աշխարհի անհատական Գավաթի խաղարկությունում ոսկե մեդալակիր է դարձել Վազգեն Թևանյանը, արծաթե մեդալներ են նվաճել Մալխաս Ամոյանն ու Արսեն Հարությունյանը, բրոնզե պարգևին արժանացել են Արման Անդրեասյանն ու Սլավիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ըմբշամարտի հավաքական ունի նվաճած օլիմպիական 2 ուղեգիր: Առջևում օլիմպիական 2021 թվականն է, և Աստծո կամքով, թող այն լինի հաղթանակների և առողջության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր