Բացառված է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոր կորոնավիրուսի շուրջ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիները կարող են վստահ լինել, որ նոր կորոնավիրուսի մասին տեղեկությունը չեն թաքցնում: Եվ բացառված է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը:
Վարչապետը նշեց, որ եթե նոր տեղեկություն հայտնվի, ապա, իհարկե, նախ կստուգեն և կքննարկեն։ Եվ եթե տեղեկությունը հաստատվի, ապա 1-2-3 ժամում այդ տեղեկությունը կհանրայնացվի:
Վարչապետի խոսքով՝ տվյալ պահին մտահոգվելու կարիք չկա: Նա նաև նշեց, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար անցկացվող միջոցառումները տպավորիչ են, և հույս հայտնեց, որ Հայաստանը ևս հնարավոր ամեն ինչ անում է:
Փաշինյանը նաև նշեց, որ զինված ուժերում լուրջ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվում, և զինծառայողների ծնողներին խնդրեց դրան ըմբռնումով մոտենալ:
Խոսելով Իրանի իրավիճակի մասին՝ վարչապետը հույս հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները արագ պտուղներ կտան, և Հայաստանը կկարողանա մոտ ժամանակներս վերականգնել Իրանի հետ նորմալ հաղորդակցությունը: