211652_close_icon
views-count383547 դիտում article-date 13:15 22-02-2020

Կրակոցներ Էջմիածնում. սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել են կրակոցի մի քանի հետքեր. կասկածյալը ոստիկանության և Ռազմական ոստիկանության նախկին աշխատակից է, կոչումով՝ փոխգնդապետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Պավել Օրդյանը, նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 4 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է եղել, այնուհետև ազատվել և ընդունվել է աշխատանքի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, որտեղից նույնպես ազատվել է։ Կոչումով փոխգնդապետ է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։ Սպանության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հանցագործը տուժածին սպանելուց հետո ավտոմատով սպանելու մտադրությամբ կրակոցներ է արձակել ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ։ Բարեբախտաբար, նրանք կարողացել են փախնել և պատսպարվել տանը, իսկ նա շարունակել է հետապնդել ու կրակոցներ արձակել ընտանիքի անդամների ուղղությամբ»։ Կրակոցների արդյունքում վնասվել են նաև տան մուտքի դռները, պատուհանները։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ավտոմատից արձակված բազմաթիվ պարկուճներ։ Իսկ 3 հատ էլ կրակված պարկուճ հայտնաբերվել է տանը։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք ինքնաձիգը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր