211652_close_icon
views-count84573 դիտում article-date 13:25 02-02-2024

Կրակոցներ՝ Գորիսում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգ, BMW՝ կրակոցի հետքերով, կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հիվանդանոցի բակում էլ՝ կրակոցի հետքերով մեկ այլ ավտոմեքենա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի ժողովրդին հայտնի Սրտաբանականի խաչմերուկում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մուշեղ Գևորգյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սլավիկ Նավասարդյանի գլխավորությամբ:

Տարածքը սամանազատել են նույն վաշտի պարեկ Սերգեյ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թաթուլ Մանուկյանը։
 
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, BMW մակնիշի ավտոմեքենա, որի նույնպես կան կրակոցի և ոտքի հետքեր։

Ոստկիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Նշված կենտրոնի մոտ պարեկները հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենա, որի վրա նույնպես կան կրակոցի հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Գուրգեն Գրիգորյանի, Գորիսի քննչական բաժնի պետ Սևան Արզումանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ալիկ Մկրտչյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աշոտ Վանյանը հայտնաբերել է ինքնաձիգ՝ 2 փամփուշտատուփով։ Պարզվել է, որ փամփուշտատուփերում կա մոտ 33 փամփուշտ։ 

Քննիչի հանձնարարականով BMW-ն տեղափոխվում է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մասնակիցների մեջ է Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր վարորդը, իսկ ոստիկանները մոտավորապես պարզել են վիրավորի ու կրակոցներ արձակողի ինքնությունը:  

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և BMW-ի սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պարեկներն ու ոստիկանները Գորիս, Սիսիան, Եղեգնաձոր, Արարատ, Արտաշատ ճանապարհահատվածներում անցել են ուժեղացված ծառայության։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 446+
446+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր