2187 դիտում
11:50 17-02-2020
Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը
Փետրվարի 17-ից մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Քարոզարշավը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Պատգամավորների կողմից «Ոչ»-ի շտաբ ձևավորելու ժամկետը լրանում է փետրվարի 17-ին. մինչ այս պահը խորհրդարանական ուժերից որևէ մեկը «Ոչ»-ի շտաբ ձևավորելու մասին չի հայտարարել:
Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ կուսակցությունը չի մասնակցելու Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի՝ փետրվարի 15-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Խորհրդարանի ընդդիմադիր մյուս ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը ևս հայտարարել է, որ «Ոչ»-ի քարոզչություն չի սկսի, թեև խմբակցությունն ԱԺ-ում դեմ է քվեարկել հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշմանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մյուս ուժերին ևս կոչ է արել «Ոչ»-ի ճակատ չձևավորել:
Սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «ՈՉ» քարոզչության կողմ կարող է ձեւավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից:
Արտախորհրդարանական քաղաքական ուժերը ևս «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու մասին չեն հայտարարել: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել է, որ որևէ կերպ չի մասնակցելու գործընթացին, ՀՅԴ-ն հանրաքվեն բոյկոտելու կոչ է արել:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկել էր Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարել, որով նախատեսվում է մինչև 2018 թ. ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները դադարեցնել: Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը տապալվեց, սակայն ընդունվեց հարցը հանրաքվեի դնելու որոշումը:
1995 թ. Սահմանադրության ընդունումից հետո 2020 թ. ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն թվով 4-րդ փորձն է: Վերջին 25 տարվա ընթացքում Սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվել 2003, 2005 և 2015 թթ..: Սահմանադրական հանրաքվեին «Ոչ» է ասվել միայն 2003 թ.:
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
08:56 18-07-2015
Հենց Հովիկ Աբրահամյանն էլ կնշանակվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման շտաբի պետ. «Ժամանակ»
1428 դիտում
08:29 27-10-2015
Սերժ Սարգսյանը չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին. «Ժողովուրդ»
4134 դիտում
09:17 07-12-2015
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները
Այս բաժնից
643 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
1480 դիտում
18:51 29-11-2024
Դատախազը նոր նշանակում է արել
841 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել