Հունգարացի օլիմպիական չեմպիոնին մեկ տարով որակազրկել են անզգույշ գրառման համար
Հունգարիայի շորթ-տրեկի ֆեդերացիան իր օլիմպիական չեմպիոն Չաբու Բուրյանին մեկ տարով որակազրկել է սոցցանցում Չինաստանի մասին վիրավորական գրառման համար, որը նա արել էր դեկտեմբերին:
Շանհայի օդանավակայանում երկար սպասելուց հետո զայրացած մարզիկը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ գրությամբ. «Ախմախ Չինաստան»:
25-ամյա Բուրյանը շատ արագ հասկացել է իր սխալը և ջնջել գրառումը, սակայն սկանդալն արդեն հասցրել է տարածվել: Գրառման պատճառով հունգարական ազգային թիմի մարզիչ Չժան Լինը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն չի ընդունվել:
Թեպետ մարզիկը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հունգարական ֆեդերացիան որոշում է կայացրել նրան մեկ տարով զրկել մրցաշարերին և մարզահավաքներին մասնակցելուց:
Չաբա Բուրյանը՝ 2018 թվականին օլիմպիական չեմպիոն է դարձել շորթ-տրեկի 5000 մետր տարածության փոխանցումավազքում: Դա ձմեռային օլիմպիական խաղերի պատմության մեջ Հունգարիայի առաջին ոսկե մեդալն էր: