211652_close_icon
views-count3230 դիտում article-date 22:52 05-02-2020

Չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գևորգ Դանիելյանը՝ Սահմանադրության փոփոխման նախագծի մասին. Pastinfo.am

Այսօր շրջանառության մեջ դրված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ [url=https://www.pastinfo.am/hy/news/2020/02/05/%D5%89%D5%A5%D5%B6%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AD%D5%AB%D5%BD%D5%BF-%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D4%B3%D5%A5%D6%82%D5%B8%D6%80%D5%A3-%D4%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%D5%9D-37-%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/944504?fbclid=IwAR0WUK50COXtEBaxr6AE1vJxg5NCaVtou1qoibPiHIDw-JIM44FzxTyXvek]«Փաստինֆո»[/url]-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։ -[b]Պարոն Դանիելյան, իշխանությունը կարծես հետ չի կանգնում Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունները ցանկացած գնով դադարեցնելու գերխնդիրը օր առաջ հանգուցալուծելու մտքից։ Այժմ էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորներ նախաձեռնել են օրենքով Սահմանադրության անցումային նորմերում այնպիսի փոփոխություն, որը միտված է ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցմանը՝ բացառությամբ իշխանափոխությունից հետո ընտրված 2 դատավորների։ Ընթացիկ օրինագծով Սահմանադրության փոփոխությունների գաղափարը մասնագիտական շրջանակները գնահատում են ոչ միայն ակնհայտ ապօրինի, այլև աննախադեպ։[/b] -Առաջին անգամ, երբ այդ մասին կարդացի ընկերոջս «FB» էջում, վստահ էի, որ իրավիճակը լիցքաթափելուն ուղղված հումոր էր, նույնիսկ կարծիք հայտնեցի, որ կարող են և լուրջ ընդունել, հետո նկատեցի, որ ավելի, քան լուրջ է։ Գիտեմ, ոմանք հրաժարվել են մեկնաբանություններից՝ համարելով այդ նախաձեռնությունն իրավունքի հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անբնական դրսևորում և քաղաքական ծայրահեղություն։ Ինքս էլ հակված չէի, բայց, կարծում եմ, արժե արձագանքել՝ գուցե ականջալուր լինեն, փորձենք, թեպետ՝ խիստ կասկածում եմ, որ սա, այնուամենայնիվ, կյանքի կկոչվի։ Ինչ ասեմ, բնականաբար, չեմ անդրադառնա քաղաքական նկրտումներին, կխոսեմ բացառապես իրավական ասպեկտներից և, ըստ այդմ էլ, կառանձնացնեմ որոշ էական հարցադրումներ։ Նախ, չի պահպանվել ներքին իրավական փաստաթղթի տրամաբանությունը, փոխարենը ներմուծվել են նոր հակասություններ։ Մասնավորապես, դատելով ներկայացված օրինագծի վերտառությունից, այն օրենք է, մինչդեռ՝ բովանդակության մեջ արդեն խոսվում է մեկ այլ տեսակի իրավական ակտի՝ Սահմանադրության փոփոխությունների մասին։ Գուցե հեղինակները դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ իրավական ակտ է ներկայացվելու, սակայն հարկ է նկատել, որ դա բնավ երկրորդական հարց չէ, քանզի յուրաքանչյուրն ունի իր իրավական արժեքը, քննարկման և ընդունման ընթացակարգը և այլն։ Հակիրճ արտահայտվեմ՝ թե օրենքի և թե Սահմանադրության փոփոխությունների պարագայում այսպիսի նախաձեռնությունն ընդհանուր ոչինչ չունի Սահմանադրության և գործող սահմանադրական օրենքների հետ, ինչին արդեն հանգամանորեն անդրադարձել եմ սահմանադրական արդարադատությունը շրջանցելուն միտված նախորդ օրինագծի վերաբերյալ իմ մասնագիտական եզրակացությամբ։ Այնուամենայնիվ, անորոշության տեղ չթողնելու համար նկատեմ, որ եթե դա օրենք է, ապա չի կարող գործել անգամ ուժի մեջ մտնելու պարագայում, քանզի, միևնույն է, գերակայելու է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող Սահմանադրությունը (5-րդ հոդված), իսկ եթե դա հրամցվելու է իբրև Սահմանադրության փոփոխություն, ապա այն պետք է նախապես անցնի սահմանադրական արդարադատության ընթացակարգով։ Վիճահարույց է նաև անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, և ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը. այլ կլիներ պատկերը, եթե համակարգային և համալիր փաստաթուղթ ներկայացվեր։ Անշուշտ նկատեցիք, որ, հասկանալի պատճառներով, չեմ էլ անդրադառնում օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանմանը՝ այս երևույթը, ցավոք, արդեն համակարգային բնույթ ունի։ Ինչ վերաբերում է աննախադեպ լինելուն, ապա դա այդպես չէ, 90-ականներին մենք ունեցել ենք նախադեպ, երբ սոսկ օրենքով ներմուծվել է՝ Անկախության Հռչակագրով և Սահմանադրությամբ չնախատեսված սահմանադրական մարմին, ինչի արդյունքում արմատապես փոխվել է անգամ կառավարման ձևը։ Բայց եթե դա այդ փուլում դեռ որոշակի բացատրություն կարող էր ունենալ, հաշվի առնելով անկախ պետականության ձևավորման համատեքստում իրավական համակարգի անպատրաստ լինելը, ապա նույնը մեր օրերում կրկնելն արդեն որևէ ողջամիտ ու իրավաչափ բացատրություն չի կարող ունենալ։ - [b]Հեղինակները փորձել են բավականին հանգամանորեն հիմնավորել օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ինչպես նաև որոշակի շրջանակների համար ներկայացրել իրենց կարծիքով ՝համոզիչ փաստարկներ։[/b] - Խոսքը ոչ թե փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորման, այլ բուն սահմանադրական փոփոխություններն ընթացիկ օրենքի միջոցով կատարելու մասին է։ Դեռ օրեր առաջ սրան նախորդող օրինագծի կտրվածքով էի նկատել, որ առանց սահմանադրական արդարադատության ընթացակարգերի, որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել ցանկացած սահմանադրական փոփոխություն։ Նշված իրավադրույթը հստակ ամրագրված է «Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որն էլ հենց ուժը կորցրած ճանաչելու նախաձեռնությամբ էին հանդես եկել նշված օրինագծով։ Չսպասելով նույն այդ օրինագծի քննարկման ճակատագրին, թերևս, որոշվել է, որ պարզապես կարելի է բավարարվել գաղափարի հռչակմամբ, և արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ սահմանադրական փոփոխություններին։ Դատելով օրինագծերին կցված հիմնավորումներից, չի բացառվում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը դիտարկվի իբրև Սահմանադրության փոփոխություն և չներկայացվի Հանրապետության նախագահի ստորագրմանը։ -[b] Օրինագծի հեղինակները պնդում են, որ դատաիրավական բարեփոխումները համակարգային հարթությամբ իրականացնելիս, միանգամայն ազատ են, իրենք ոչ միայն օժտված են առաջնային մանդատով, այլև ժողովրդից մանդատ են ստացել հենց այդպիսի բարեփոխումներ իրականացնելու համար, ինչն արտացոլված է եղել իրենց ծրագրում։[/b] -Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե խոսքն ինչի մասին է՝ որևէ կուսակցական փաստաթղթում Դուք չեք հանդիպի այնպիսի դրույթի, որով ինդուլգենցիա վերապահվի Սահմանադրությունը շրջանցելու գնով փոփոխությունների համար։ Մյուս կողմից, ցավոք, այնքան իրարամերժ ու հակասական դիրքորոշումներ են հնչել, որ պարզապես անհնար է առանձնացնել մեկ ընդհանուր վեկտոր. բավական է ներկայիս զարգացումները համադրել Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության հետ, որպեսզի ակնհայտ դառնա, որ գոյություն չունեն կանխատեսելի և միանշանակ մոտեցումներ։ Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտությունը որևէ մեկը չի ժխտում, ինչպես և չեն ժխտում կառավարման համակարգի և օրինաստեղծ գործունեության ոլորտի արմատական բարեփոխումները (մասնավորապես, ժամանակն է օրինագծերի մշակումը վերապահել մասնագիտացված անկախ փորձագիտական հիմնարկներին), սակայն ասվածից բնավ չի բխում, որ դա կարելի է անել առաջնային մանդատ ունեցող օրենսդիր մարմնի՝ ոչնչով չսահմանափակվող նկրտումներին համահունչ։ Այն, որ արձագանքում եմ խորհրդարանի նախաձեռնությանը և պատասխանում ձեր հարցերին, ևս վկայում է այն մասին, որ իրապես պատրաստ ենք աջակցելու բարեփոխումների բնական գործընթացին, և հենց այդ նկատառումով էլ ոչ մի պարագայում չենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց և արդեն այլ իրավական հարթությամբ գնահատման արժանի նախաձեռնությունների հետ։ [b]- Հաճախ է խոսվում այն մասին, որ ՍԴ դատավորները կաշկանդված են կոնկրետ գործերով, քանի որ այդ առնչությամբ ունեցել են նախկինում արտահայտված դիրքորոշումներ։[/b] -Ոչ միայն դա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, սակայն մենք այս պահին խոսում ենք մի օրենսդրական նախաձեռնության մասին, որը որևէ կապ չունի այդպիսի կարևոր, հրատապ խնդիրների լուծման հետ։ Ինքս ևս ունեմ իմ տեսլականը՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, այդ թվում՝ Ձեր նշած հարցադրման կտրվածքով, ընդ որում, դրանք միանգամայն լուծելի խնդիրներ են։ Ցավոք, իրավական միտքը դեռ այդպիսի հարցերի կտրվածքով չի առաջադրել համալիր ու միասնական լուծումներ, սակայն դա չի նշանակում, որ այդպիսիք չկան։ Օրինակ, կոլեգիալ մարմինների գործունեությունը չխաթարելու նկատառումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պարագայում արգելվում է բացարկը, ինչը խիստ վիճահարույց է, մինչդեռ՝ դատական բարձրագույն ատյաններում ոչ միայն որևէ լուծում չի առաջադրվել, այլև չի էլ կարող ողջամիտ համարվել ԿԸՀ-ի պարագայում կիրառվող տարբերակը։ Մենք կարող ենք ունենալ փոխարինողների ինստիտուտ և այլն, սակայն այս և նմանաբնույթ այլ խրթին հարցերին պարբերաբար կանդրադառնամ առաջիկայում։ Ինձ համար ոչ մի նշանակություն չունի իմ կարգավիճակը և առնչությունը սահմանադրական բարեփոխումների հանձնախմբի հետ։ Ի դեպ, ակնկալում էի, որ նորաստեղծ կառույցը ևս կարձագանքեր այս զարգացումներին։ Ընդհանրապես, սահմանադրական բազմաթիվ նորմերի առնչությամբ տարաձայնություններն այնքան են խորացել, կրքերն այն աստիճան են սրվել, որ ինքս նախապատվությունը կտայի ոչ թե Սահմանադրության փոփոխություններին, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունմանը, և թող հանրաքվեն էլ որոշի, թե ինչպիսին պետք է լինեն մեր Երկրի հիմնարար իրավական հիմքերը։ Այս դեպքում արդեն որևէ մեկը չի կարող հնչեցնել մտավախություն, թե բա ՍԴ-ն կխոչընդոտի, թե բա իշխող ուժն իր առաջնային մանդատը կչարաշահի և այլն։ Չի բացառվում, իհարկե, որ մշակվեն այլընտրանքային նախագծեր։

Նմանատիպ նյութեր