211652_close_icon
views-count11369 դիտում article-date 10:18 04-02-2020

ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում. Փաշինյանը պատմել է Արցախում՝ ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության. միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Այս մասին Facebook-ի իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2546453949008318]էջում [/url]գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում): Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երեւի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն եւ այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին: Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայո՞ւմ, չեք տեսնո՞ւմ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով: Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին: Հ.Գ. Հաշիվը բերելիս ասացին, թե իրենց մոտ զինվորները տասը տոկոս զեղչ ունեն եւ այդ զեղչը տարածվեց նաեւ մեր զինվոր Աշոտի վրա: Ահա, այսպիսի հայրենասիրական քայլ: Բայց սիրելիներս, զինվորի հաշվին զինվորին լավություն պետք չի անել: Իր հարկերի վճարման հարցը օրենքով նախատեսված կարգով լուծեք եւ դրանից հետո միայն լավություն արեք: ՀԴՄ կտրոն չխփողը գողանում է զինվորից: Եւ նման պահվածքը պետք է արժանանա համազգային արգահատանքի: Հ.Գ. -2 Քանի որ հիմա սկսվելու են բազմաթիվ հրապարակումներ լույս տեսնել այդ օրը այդ ռեստորանում բացված «էլիտար» սեղանների եւ «ճոխ» ուտեստների մասին, միանգամից ասեմ, որ 39 հազար դրամ է կազմել մեր հաշիվը: Էս գործի սիրահարները թող նայեն, թե ինչ կարող են տեղավորել այս աննախադեպ թվաբանության մեջ: Ասեմ նաեւ, որ Աշոտը կիրակի օրով զորամասի տարածքը մի քանի ժամով լքել է օրենքով սահմանված կարգով, ինչպես մեր մյուս բոլոր զինվորներն են անում: Փաստաթղթերը անձամբ եմ ստուգել»:

Նմանատիպ նյութեր