211652_close_icon
views-count14545 դիտում article-date 12:08 21-01-2020

«Օրենքով գողերի» մասին նախագծի քննարկումն ընդհատվեց բուռն վեճով. Միրզոյանը սաստեց պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովում «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկումն ընդհատվեց բուռն լեզվակռվով: «[url=https://armenpress.am/arm/news/1002050.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ընդհարումը տեղի ունեցավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգմավորների միջև: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խորհուրդ տվեց պայքարել նաև «գողական» բառի հետ կապված 3 տառից բաղկացած հասկացության դեմ, որին ի պատասխան անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հորդորեց խմբակցության անդամներին ներողություն խնդրել իրենց գործընկերոջ ելույթի համար, իսկ ԱԺ նախագահին խնդրեց համապատասխան քայլեր ձեռնարկել պատգամավորի նկատմամբ: Արման Բաբաջանյանի ելույթի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների միջամտությունները շարունակվեցին նաև ելույթից հետո և վերաճեցին բուռն լեզվակռվի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կողմերին հանդարտության կոչ արեցին: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վեճի մասնակից, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկեց: «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները. Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքներից»,- ասաց Միրզոյանը: Օրենքի նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, 2) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, 4) անչափահասի ներգրավմամբ, 5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաև մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ: ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 19-ի ԱԺ նիստում՝ 70 կողմ, 10 դեմ և 9 ձեռնպահ ձայներով:

Նմանատիպ նյութեր