Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կանգառի բետոնե հենասյանը. վերջինը տեղում մահացել է. ժամանել են ՃՈ վաշտի, դասակի հրամանատարներն ու տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 35-ամյա Արամ Միքայելյանը իր վարած Mercedes C180 36 OV 581 համարանիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում,  դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել տրանսպորտային միջոցների համար  նախատեսված կանգառի բետոնե հենասյանը: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել  ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները՝ ոստիկանության Արագածի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Կարապետյանի գլխավորությամբ: 
Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեից ժամանել է քննչական խումբը՝   ավագ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ: 
Փաստի առթիվ Գ. Մխիթարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


