792 դիտում
23:07 27-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին:
Հանդիպմանը խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց համալսարանի կողմից իրականացվող ծրագրերի, միջբուհական համագործակցության և տարբեր ոլորտներում տարվող աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ խորհրդի առաքելության կարևորագույն ուղղություններից է նաև գործակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ:
Այնուհետև երիտասարդներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ շնորհավորելով նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ուսանողների՝ Մայր Աթոռ այցելության կապակցությամբ՝ նշելով, որ այս սրբավայրում նրանց հնարավորություն է ընձեռվում՝ ճանաչելու և հաղորդակցվելու իրենց հայրերի հոգևոր ժառանգությանը, հերոսական ոգուն, մշակույթին ու ազգային արժեքներին, զորացնելու իրենց հավատքը և ներշնչվելու նոր արարումների համար:
Հայոց Հովվապետը գովեց երիտասարդների հայրենասիրական ոգին և նախանձախնդրությունը հայրերի հավատքի հանդեպ՝ ընդգծելով, որ այդպիսի գիտակցությամբ առաջնորդվող սերունդը պիտի կարողանա իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերը, կերտել հայրենիքի անվտանգ ու խաղաղ կյանքը: Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ այսօր առկա է պայծառ մտքի տեր քաջասիրտ, լուսավոր սերունդ՝ նախանձախնդիր իր հայրենի երկրի շինության և հզորության համար: Նորին Սրբությունը պատգամեց երիտասարդներին հետևել իրենց կրթությանը, որպեսզի կարողանան ձեռք բերած գիտելիքները լավագույնս ծառայեցնել ազգին և հայրենիքին:
Նորին Սրբությունը հորդորեց ուսանողներին իրենց աչքի առջև իբրև օրինակ ունենալ Հայաստանի և Արցախի քաջարի հերոսներին և մշտապես ոգեշնչվել նրանց սխրանքներով՝ հաղթահարելու կյանքի դժվարություններն ու փորձությունները:
Վեհափառ Հայրապետը նաև կարևորեց ուսանողների կապը Հայոց Եկեղեցու հետ և նրանց գործուն ներգրավվածությունը Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական կառույցներում և միություններում, ինչը մեծապես պիտի նպաստի նրանց հոգևոր կյանքի առաջընթացին: «Սուրբ Էջմիածինը ազգի տունն է», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հայորդիներին հաճախ իրենց քայլերն ուղղել դեպի Մայր Աթոռ՝ հայոց հավատի և ազգային արժեքների գանձարանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
885 դիտում
17:16 15-07-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
907 դիտում
19:08 09-07-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
466 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
472 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ