ԱԺ դահլիճում տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում էր քաղաքացիներին, թե «երեք օրվա «ստալիչնի» սալաթը, չորս օրվա բուդը ստիպում ենք, որ մարդիկ ուտեն: Չի կարելի չորս օրվա պատրաստած ժամկետանց սնունդ ուտել» և խոստանում, որ այս տարի մշակութային կյանքը Ամանորին ակտիվացնելու են, որպեսզի մեր քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ ունենան՝ սեղանների շուրջ անցկացնելու: Ազգային ժողովում սեղաններից չէին «պոկվում» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:
Այս տարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել էր բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը շնորհավորել միանգամից՝ ԱԺ ոսկեզօծ դահլիճ հրավիրելով լրագրողներին, խորհրդարանի աշխատակազմին ու պատգամավորներին: Հավանաբար, մի քանի անգամ իրենք իրենց պարգևատրելուց հետո խորհրդարանական ղեկավարությունը որոշել էր խնայել ֆուրշետի վրա ու մի սեղանով ճանապարհել բոլորին:
Ինչևէ, գոնե մեկ անգամ Ազգային ժողովի տվյալ դահլիճում եղած մարդիկ կփաստեն, որ միայն լրագրողները և խոսնակները հազիվ էին տեղավորվում նախորդ տարիներին, իսկ այս դեպքում՝ տպավորություն էր, որ մի գազել ժողովուրդ մնացել է խցանման մեջ: Տեղաշարժվելու ոչ ելք կար, ոչ հնար: Առանձնապես ԱԺ նախագահն էլ չշրջեց ու բաժակ չբարձրացրեց լրագրողների հետ, մնաց տեղում կանգնած՝ սպասելով, թե ով իրեն կմոտենա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]