211652_close_icon
views-count2587 դիտում article-date 10:39 19-12-2019

Դիակների վրայով նպատակներիդ հասնելը չի կարող անպատիժ մնալ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի՝ պետական դավաճանության մեղադրանքով: Ըստ դատավճռի՝ նա խախտել էր Պակիստանի սահմանադրությունը, երբ 2007 թվականին արտակարգ դրություն էր հայտարարել: Մինչ այդ գեներալ Մուշարաֆը մեղադրվում էր ազգայնականների առաջնորդ Աքբար Բուքթիի և նախկին վարչապետ Բենազիր Բհութոյի սպանության մեջ, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել և մեկնել Դուբայ՝ պաշտոնական վարկածով՝ բուժվելու, որտեղ և գտնվում է այս պահին: Մուշարաֆը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2001-2007 թվականներին, իշխանության էր եկել 1999-ի ռազմական հեղաշրջման արդյունքում և իշխանությունից հեռացել՝ զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով: Հայաստանում մահապատիժը վաղուց վերացվել է, և դա, իհարկե, լավ է: Պակիստանն այն երկիրը չէ, որին պետք է նմանակել՝ մասնավորապես, քաղաքական ռեժիմը բացարձակապես օրինակելի չէ: Գուցե դա այնքան էլ կարևոր չէ, բայց այդ երկիրը չի ճանաչել Հայաստանը որպես պետություն և չունի մեզ հետ դիվանագիտական հարաբերություններ: Մուշարաֆի կերպարի և նրա «քաջագործությունների» ժամանակահատվածի և հայաստանյան իրադարձությունների հետ «համընկնումները» պետք է, հավանաբար, համարել զուտ պատահական: Բայց մի դաս, այնուամենայնիվ, արժե քաղել այդ պատմությունից: Երբ դու նստած ես գահին և քեզ թվում է, թե դա հավերժ է տևելու, իմացի՛ր, որ դա խորը մոլորություն է. կգա ամեն մի չար արարքի համար փոխհատուցելու անխուսափելու պահը: Եվ այդ պատասխանատվության պահին որքան էլ հոխորտաս, որքան էլ քեզ պաշտպանող խմբեր կազմակերպես, միևնույն է՝ ոչինչ չի փոխի քո միայնությունը: Տարիների ընթացքում դաժանություններ գործելը, դիակների վրայով նպատակներիդ հասնելը չի կարող անպատիժ մնալ, և բոլոր տեսակի արդարացումները հաճելի կլինի լսել միայն քո մերձավոր շրջապատին: Դա լուրջ դաս է գահին նստած բոլոր մարդկանց համար՝ երեկ, այսօր, վաղը: Նյուրնբերգյան դատավարության ժամանակ կային նացիստական հանցագործներ, որոնք խորապես զղջում էին իրենց արարքների համար: Կային այնպիսիք, որոնք չէին զղջում, համաձայն չէին, որ իրենց դատում են և կարծում էին, թե ճիշտ են վարվել՝ մարդակեր հրամաններ կատարելով: Եվ կային սակավաթիվ անհատներ, որոնք ասում էին՝ «լավ էինք արել, որ սպանել էինք, պետք լինի՝ նորից մեծ հաճույքով նույնը կանենք, մեր միակ սխալն այն էր, որ թույլ ենք տվել, որ մեզ բռնեն: Հենց որ դուրս գանք՝ ավելի դաժան բաներ կանենք»: Դա, անշուշտ, պաթոլոգիա է: Բայց ո՞վ ասաց, որ իշխանության ձգտելու մեջ պաթոլոգիայի տարրեր չկան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր