2304 դիտում
22:28 17-12-2019
«Պարենային անվտանգության և սնուցման վիճակը աշխարհում». SOFI-ի ամենամյա զեկույցը
ՊԳԿ-ի նոր զեկույցը բացահայտել է, որ սովի մակարդակը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ցածր է, սակայն զգալի թվով մարդիկ ապրում են պարենային չափավոր անապահովության այնպիսի պայմաններում, ինչպիսիք են սահմանափակ սննդամթերքը եւ սննդարար պարենային ապրանքների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաեւ գերքաշությունն ու գիրությունը։
«Պարենային ապահովության եւ սնուցման վիճակը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, 2019 թվական» զեկույցը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Մոսկվայում, քաղաքականություն մշակողներին ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ, որոնք վերաբերում են սնուցմանը, անհավասարություններին ու գյուղական շրջանների զարգացմանն առնչվող նպատակային ծրագրային միջամտություններին եւ «Կայուն զարգացման օրակարգ 2030»-ում սահմանված գլոբալ նպատակների իրագործմանը։
Վերջին երկու տասնամյակի ընթացքում պարենային ապահովության վիճակը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում զգալիորեն բարելավվել է, եւ մշտադիտարկման ենթարկված մոտ 50 երկրների գերակշռող մեծամասնությանը հաջողվել է թերսնուցման տարածվածությունը պահել 5 տոկոսից ցածր մակարդակի վրա, ինչը համաշխարհային միջին ցուցանիշի (10.8 տոկոս) կեսից պակաս է։
Համաձայն 2018 թվականի համար մշակված նոր գնահատականների, սննդից խիստ զրկվածության մակարդակն այլեւս մտահոգիչ չէ (բնակչության ընդհանուր թվի 1.8 տոկոսը՝ 9.2 տոկոս համաշխարհային ցուցանիշի համեմատությամբ)։ Այսուհանդերձ, բնակչության էական հատվածներ բախվում են սննդարար եւ բավարար սննդամթերքի պարբերական հասանելիության հետ կապված դժվարությունների։ Համաձայն գնահատականների, տարածաշրջանում ավելի քան 100 միլիոն մարդ (բնակչության 11 տոկոսը) ենթակա է չափավոր կամ խիստ պարենային անապահովության. սա մի ցուցիչ է, որը Պարենային անապահովության փորձառության սանդղակի հիման վրա մշակվել է ՊԳԿ-ի կողմից՝ Զրոյական սովի նպատակին ուղղված առաջընթացի արձանագրման նպատակով։
«Չափահաս բնակչության եւ երեխաների մի հսկայական քանակ դեռեւս տառապում է թերսնվածության տարբեր ձեւերից, ներառյալ՝ թերաճությունը, սուր թերսնուցումը, գերքաշություն, գիրությունը, սակավարյունությունը. փաստացի՝ բազմաթիվ երկրներում արձանագրվել է դրանց մի մասի միաժամանակյա դրսեւորում», - նշեց ՊԳԿ տնտեսագետ Չեն Ֆանը։ «Հատկապես գերքաշությունն ու գիրությունն առաջացնում են առողջության հետ կապված լուրջ մտահոգություններ», - հավելեց Ֆենը՝ հղում կատարելով զեկույցի եզրակացություններից մեկին, ըստ որի, տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում չափահասների շրջանում գիրությունը 2016 թվականին գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը (13.2 տոկոս), իսկ 13 երկրներում այն կրկնակի բարձր է եղել համաշխարհային միջին ցուցանիշից։ Չափահասների շրջանում գիրության մակարդակը բարձրանում է տարածաշրջանի բոլոր երկրներում։
Ըստ սեռի տարաբաժանված տվյալները ցույց են տալիս, որ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում պարենային չափավոր կամ խիստ անապահովության ենթարկվելու հավանականությունն ավելի բարձր է կանանց, քան տղամարդկանց դեպքում (10.7 տոկոս՝ 9.8 տոկոսի համեմատությամբ)։ Դրական բացահայտումներից է այն, որ ծննդյան պահին նորմայից ցածր քաշ ունենալու տարածվածությունը զիջում է համաշխարհային միջին ցուցանիշին, որը կազմում է 14.6 տոկոս. այդուհանդերձ, վերջին շրջանում երկրների մեծ մասում նկատվում է այս ցուցանիշի աճի միտում։
Պայմանավորող եւ որոշիչ գործոններ
Ինչպես մատնանշում է ՊԳԿ զեկույցը, սոցիալ-տնտեսական անհավասարությունները դանդաղեցնում կամ նույնիսկ խոչընդոտում են աղքատության, պարենային անապահովության եւ թերսնվածության կրճատման ուղղությամբ առաջընթացը, ինչը վտանգում է «Օրակարգ 2030»-ի որդեգրած՝ «ոչ ոք չպիտի անտեսվի» սկզբունքը։
Երեխաների շրջանում թերսնվածության վրա նշանակալի ազդեցություն է ունենում մայրերի կրթական մակարդակը, բարեկեցությունը եւ բնակության աշխարհագրական վայրը։ Սա հուշում է, որ մայրերի շրջանում կրթությանն ու եկամուտների ստեղծմանն ուղղված նպատակային միջամտությունները կարող են բարելավել մինչեւ հինգ տարեկան երեխաների սնուցման վիճակը։
Գիրությունն ավելի արագ տեմպերով է աճում սոցիալ-տնտեսական առավել ցածր մակարդակ ունեցող տնային տնտեսություններում՝ հաշվի առնելով նրանց կյանքի եւ աշխատանքի պայմանները, եկամուտներն ու կրթությունը։
«Քաղաքականություններն ու այլ միջամտությունները պետք է ուղղված լինեն կարիքավոր եւ խոցելի խմբերին՝ մեղմելու սոցիալ-տնտեսական անհավասարությունները», - զեկույցի շնորհանդեսի ընթացքում նշեց ՊԳԿ գլխավոր տնօրենի տեղակալ եւ տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը։
«Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են տարածաշրջանի ցածր եկամուտ եւ տնտեսական աճի արագացված տեմպ ունեցող բազմաթիվ երկրներում կառուցվածքային փոփոխությունները բնակչության ամենակարիքավոր խմբերին հանել աղքատությունից եւ զգալիորեն կրճատել սովը», - հավելեց Ռախմանինը։
Այս նպատակին հասնելու համար զեկույցը երկրներին կոչ է անում ավելի մեծածավալ պետական ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում ու գյուղական շրջաններում եւ բարելավել կատարվող ծախսերի որակը, քանի որ այս ոլորտներում ծախսերի մակարդակը ցածր է՝ համեմատած տնտեսության մեջ այս ճյուղի կարեւորության հետ։ Նշված իրավիճակը կարող է խանգարել պարենային ապահովությանը, սնուցմանն ու շրջակա միջավայրին առնչվող նպատակների իրագործմանը։
Կառուցվածքային վերափոխումներ
Զեկույցը ներառում է մի նոր բաժին, որն ուսումնասիրում է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող կառուցվածքային վերափոխումները՝ տնտեսության, գյուղատնտեսական եւ սննդամթերքի արտադրության մեջ, սննդամթերքի սպառման օրինաչափություններում եւ սննդակարգերում, ինչպես նաեւ առեւտրի մեջ եւ առեւտրային քաղաքականություններում։ Զեկույցը տրամադրում է ուղղորդում առ այն, թե ինչպիսի գործողություններ են անհրաժեշտ՝ կենսակայունության գլոբալ նպատակներին հասնելու համար։
Վերլուծությունը ցույց է տվել, որ այն պարագայում, երբ գյուղատնտեսությունը շատերի համար եկամտի կարեւոր աղբյուր է, այս ոլորտում արտադրողականությունը զիջում է մյուս ճյուղերի համապատասխան ցուցանիշներին։ Սա հանգեցնում է գյուղական բնակավայրերում աղքատության, պարենային անապահովության եւ թերսնվածության ավելի բարձր ցուցանիշների եւ, կրկին, առաջացնում է գյուղատնտեսությանը եւ գյուղական շրջանների զարգացմանը ցուցաբերվող աջակցության ավելացման անհրաժեշտություն՝ կտրուկ բարձրացնելու արտադրողականությունն ու եկամուտների բազմազանեցումը (դիվերսիֆիկացումը)։
Տարածաշրջանի բոլոր երկրներում արտադրության եւ գյուղատնտեսական ու պարենային ապրանքների առեւտրի շնորհիվ գոյություն ունի առկա սննդամթերքի ավելի մեծ բազմազանություն. այնուամենայնիվ, հարցականի տակ է դրվել ներկա սննդակարգերի որակը՝ ի տարբերություն առողջ սննդակարգերի։ Վերոնշյալի պատճառը ոչ միայն պարենային ապրանքների արտադրության համակարգում առկա սահմանափակումներն են, այլ նաեւ վերամշակված այնպիսի սննդամթերքի ներմուծումը, որը զգալի չափով պարունակում է ճարպեր, շաքար եւ աղ՝ բացասական ազդեցություն ունենալով սնուցման եւ առողջության վրա։ Ինչպես վկայում են առանձին երկրների դեպքերի ուսումնասիրությունները, տարածաշրջանում առեւտրի ակնկալվող ընդլայնումը հաճախ խոչընդոտվում է ոչ սակագնային միջոցառումներով, որոնք բազմապիսի ձեւերով գոյություն ունեն բազմաթիվ երկրներում։
Կենդանական ծագման պրոտեինները կարեւորություն են ձեռք բերել երկրների մեծ մասում՝ հանգեցնելով սննդակարգերի փոփոխության եւ պարենային ապահովության։ Այդուամենայնիվ, գոյություն ունեն պարենային ապրանքների բազմազանության տարածաշրջանային տարբերություններ։ Թուրքիայում եւ Բալկանյան թերակղզու արեւմտյան հատվածի երկրներում առկա է մրգատեսակների, բանջարեղենի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի ավելի մեծ առատություն, մինչդեռ նախկին Խորհրդային Միության անդամ երկրներն ունեն ավելի շատ միս եւ ձուկ։
«Այս միտումները մատնացույց են անում, որ ինչպես արտադրության, այնպես էլ առեւտրի ոլորտներում անհրաժեշտ են սնուցման որակի նկատմամբ զգայուն այնպիսի քաղաքականություններ, որոնք կընդլայնեն որոշ պարենային ապրանքների առկայությունը», - նկատեց Ֆենը։
Պարենային ապրանքների առավել արդյունավետ ու առավել կենսակայուն արտադրության եւ սնուցման նպատակով արտադրությունը, սննդակարգերն ու վերաբերելի քաղաքականությունները կարգի բերելու համար զեկույցը վերլուծում է հարաճուն ձեւով ժողովրդականություն վայելող երկու շրջանակային հայեցակարգեր՝ սննդամթերքի համակարգի մոտեցումը եւ ագրոէկոլոգիան։ Սննդամթերքի համակարգերի ու ագրոէկոլոգիայի բոլոր նպատակների միջեւ գոյություն ունեն փոխզիջումներ, եւ պետական քաղաքականությունն ունի շարժառիթներ ապահովելու եւ բոլոր մանր սեփականատերերի մասնակցության համար նպաստավոր միջավայր ստեղծելու վճռորոշ դեր։ Քաղաքականությունների վերակողմնորոշումը նաեւ պետք է հաշվի առնի ամենաաղքատ եւ ամենախոցելի բնակչության շուրջ սեւեռում ապահովելու անհրաժեշտությունը։
ՀՂՈՒՄՆԵՐ
«Պարենային ապահովության եւ սնուցման վիճակը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում» զեկույցի շնորհանդեսը
Շնորհանդեսի առցանց հեռարձակումը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. ՊԳԿ-ն Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում
Կայուն զարգացման նպատակ 2. Զրոյական սով
Պարենային անվտանգության եւ սնուցման վիճակն աշխարհում
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
20:19 08-06-2019
ՊԳԿ աշխատաժողովի ուշադրության կենտրոնում պարենային անվտանգության, սնուցման և սոցիալական ապահովության հարցերն էին
1678 դիտում
17:26 08-09-2020
Փորձարկվել է Լոս Անջելեսի «SoFi» մարզադաշտը
Այս բաժնից
706 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
595 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
799 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am