«Արսենալի» գլխավոր մարզչի հավակնորդը Արտետան է. բանակցությունները սկսվել են
«Արսենալի» ղեկավարությունը շարունակում է թիմի գլխավոր մարզչի թեկնածուներին քննարկել: «Զինագործները» գրեթե 10 մասնագետ են ուսումնասիրում, որոնց թվում են «Նիցայի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան և «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետան, որն էլ համարվում է գլխավոր հավակնորդը:
«Արսենալի» կառավարիչ Վինայ Վենկատեշամը երեկ Մանչեսթերում արդեն բանակցություններ է վարել Արտետայի հետ՝ վերջինիս տանը:
Վենկատեշամը և ակումբի՝ բանակցությունների գծով մասնագետ Հուս Ֆահմին իսպանացու առանձնատնից հեռացել են գիշերը 1:20-ին: Արտետան շահագրգռված է «Արսենալում» աշխատել և պատրաստ է ակումբը գլխավորել մրցաշրջանի կեսից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին «Արսենալը» պաշտոնանկ արեց Ունաի Էմերիին և թիմի ժամանակավոր մարզիչ նշանակեց Ֆրեդրիկ Յունգբերգին:
Արտետան «Արսենալում» հանդես է եկել 2011-2016 թվականներին, այնուհետև «Ման Սիթիում» ընդգրկվել Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբում: