211652_close_icon
views-count20136 դիտում article-date 22:15 15-12-2019

Դավիթ Խուդաթյան. Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/MajorofArmavir/posts/485180542356110?__tn__=-R]էջում[/url] գրել է. «Վերջին երկու օրերի ընթացքում հետևում էի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանի պահվածքին, ֆեյսբուքյան գրառումներին: Օրեր առաջ շրջանցելով աշխատակից ընդունելու քաղաքապետարանի սահմանած կարգը, այն է` նախապես քաղաքապետարանում գրանցված թեկնածուների հետ հարցազրույցի անցկացում ՀՈԱԿ տնօրենի և քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բաժնի աշխատակցի մասնակցությամբ, տիկին Ավետիսյանը թիվ 8 մանկապարտեզում ֆիզարձակուրդ գնացած բուժքրոջ փոխարեն՝ ով ի դեպ նախկին քաղաքապետի վարորդի կինն է, սեփական հայեցողությամբ ընդունել է բուժքրոջ քրոջը: Նշված դեպքի առիթով պարզաբանումներ տալու համար տիկին Ավետիսյանը հրավիրվել է Արմավիրի քաղաքապետարան, զրույցի հենց սկզբից մանկավարժին ոչ հարիր տոնով, բղավելով խոսել է բաժնի պետ Արաքսյա Դոլինյանի և փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանի հետ: Պարոն Սարգսյանը հորդորել է տիկին Ավետիսյանին դուրս գալ սենյակից, հանգստանալ, այնուհետև հետ գալ շարունակելու զրույցը, ինչին ի պատասխան տիկին տնօրենը լքել է քաղաքապետարանի շենքը: Րոպեներ անց տիկին Ավետիսյանը զանգահարել է ինձ՝ Արմավիրի քաղաքապետին, կրկին մանկավարժին ոչ հարիր բառապաշարով, բղավելով պատմել տեղի ունեցածի մասին, Արմավիրի փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանին անվանել է խոզապահ, վիրավորել է իր անմիջական ղեկավար հանդիսացող բաժնի պետին: Հաջորդ օրը առավոտյան տիկին Ավետիսյանը հրավիրվել է քաղաքապետարան բացատրագիր ներկայացնելու, բացատրագրեր են ներկայացրել նաև միջադեպին ներկա Վարշամ Սարգսյանը և Արաքսյա Դոլինյանը: Հիմք ընդունելով վերոգրյալը, պահպանելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանները, որոշել եմ Թամարա Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնեմ, որ նախորդ տարի համանման արարքի համար (շրջանցելով քաղաքապետարանի երեխաների ընդունման հերթացուցակը, իր հայեցողությամ մանկապարտեզ է ընդունել երեխաների) տիկին արդեն նախկին տնօրենը ստացել է գրավոր նախազգուշացում։ Դրանից հետո առանձին-առանձին հանդիպել եմ Թամարա Ավետիսյանի, իր եղբոր, մանկապարտեզի մի քանի ծնողների, մանկապարտեզի կոլեկտիվի ներկայացուցիչների հետ, ներկայացրել եմ որոշման հիմքերը, լսել հանդիպման մասնակից մյուս կողմին: Դրանից հետո իմ հրամանով ստեղծվել է պաշտոնի հանձնման-ընդունման հանձնաժողով, սկսվել է օրենքով սահմանված գործընթացը: Մանկապարտեզում հանձնաժողովի աշխատանքի ընթացքում տեղում հավաքվածները Թամարա Ավետիսյանի գլխավորությամբ սկսել են վիրավորել հանձնաժողովի անդամներին, խոչընդոտնել նրանց աշխատանքը: Մանկապարտեզի նախկին տնօրենը հրաժարվել է հանձնաժողովին հանձնել շենքի բանալիները, կնիքը, մանկապարտեզի գույքը, ինչի մասին հանձնաժողովը տեղում կազմել է արձանագրություն: Նշված փաստի մասին նյութեր եմ ուղարկել ՀՀ Ոստիկանություն՝ գործին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Երեկ տիկին Ավետիսյանի եղբոր՝ Նոր Արմավիր համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս, քննարկել ստեղծված իրավիճակը, կոչ եմ արել չխոչընդոտել ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը, ցանկության դեպքում իմ որոշումը բողոքարկել դատարանում: Նրան ուղիղ հարց եմ տվել, թե որպես համայնքի ղեկավար ինչ կաներ, եթե լիներ նույն իրավիճակում: Ստացել եմ պատասխան, որ կաներ նույնը, ինչ ես: Հիմա անդրադառնամ մանկապարտեզում այս պահին իրականացվող նորոգման աշխատանքներին և ընդհանրապես վերջին տարիների վերանորոգումներին: Տիկին Ավետիսյանը և իր եղբայրները ինձ ներկայացրել են, որ այս պահին մանկապարտեզը նորոգվում է իրենց սեփական միջոցներով, որ իրենք պատրաստվում են դադարեցնել աշխատանքները և հանել գույքը: Այնինչ դրանից հետո ինձ ԱՄՆ-ից զանգահարում է բարեգործական հիմնադրամի տնօրեն պարոն Լևոն Թորոսը, ով վստահեցնում է, որ մանկապարտեզում նորոգումը իրականացվում է բացառապես հիմնադրամի միջոցներով, որ իրենք պատրաստակամ են շարունակել նորոգման աշխատանքները, որ մանկապարտեզը նորոգվում է երեխաների, այլ ոչ թե նախկին տնօրենի համար: Դրանից հետո ինձ զանգահարում է հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը, ում հետ պայմանավորվում ենք երկուշաբթի օրվանից շարունակել նորոգման աշխատանքները: Հիմա այն մասին, թե ինչ միջոցներով է նորոգվել մանկապարտեզը այս տարիների ընթացքում. Տիկին Ավետիսյանը բոլորին ներկայացնում է, որ մանկապարտեզը տարիներ շարունակ նորոգվել է իր ընտանիքի միջոցների հաշվին, այնինչ վերջին 5-6 տարիների ընթացքում Արմավիրի քաղաքապետարանը այս մանկապարտեզին հատկացրել է ավելի շատ գումար, քան մյուս 11 մանկապարտեզներին միասին վերցրած: Թե ինչու է հենց թիվ 8 մանկապարտեզը արժանացել նախկին իշխանությունների այսպիսի ուշադրությանը, թողնում եմ արմավիրցիների ենթադրությանը: Անդրադառնամ նաև համացանցի այն գրառումներին, թե ես ցանկացել եմ «ընկերոջս կնոջը» նշանակել բուժքույր և հիմա էլ ցանկանում եմ «ընկերոջս կնոջը» նշանակել տնօրեն: Եթե այդպիսի բան անող լինեի, կնշանակեի արդեն մի քանի ամիս թափուր թիվ 11 մանկապարտեզի տնօրենի պաշտոնին: Հիշեցնեմ, նախկինում ինձ արդեն մի քանի անգամ մեղադրել են այդ նույն «ընկերոջս կնոջը» տարբեր պաշտոններում նշանակելու համար: Եւս մեկ անգամ, որպես Արմավիրի ընտրված քաղաքապետ կոչ եմ անում բոլորին դրսևորել զսպվածություն, չխոչընդոտել ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը։ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու: Պինդ կացեք !!! Հ.Գ. Նկարում թիվ 8 մանկապարտեզի նախկին տնօրեն Թամարա Ավետիսյանն է: Ըստ օդում կախված լուրերի, նա վաճառել է քաղաքային բյուջեով իրականացված հերթական նորոգումից հետո մնացած շինանյութը: Խնդրում եմ ՀՀ Ոստիկանությանը ստուգել օդում կախված լուրերի հավաստիությունը և հայտնում եմ իմ պատրաստակամությունը, նշված դեպքի մասին ոստիկանությանը տալ լրացուցիչ ինֆորմացիա»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր