211652_close_icon
views-count2226 դիտում article-date 09:47 14-12-2019

Ամերիկահայ կառույցների հայացքներն այժմ ուղղված են դեպի վարչակազմ․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Սենատն առանց առարկության և քվեարկության միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանույունը ճանաչող համար 150 բանաձևը: Մեկ օր առաջ ԱՄՆ Սենատն ընդունել էր Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5204369.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Մենք նոր անցկացրեցինք Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, հայտարարեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ ԱՄՆ Սենատում համար 150 բանաձևի ընդունումից հետո, որն, ըստ Սենատի կանոնակարգի, ընդունվեց առանց առարկության և առանց քվեարկության: Բովանդակային առումով այն կրկնում է Ներկայացուցիչների պալատի վերջերս ընդունած բանաձևի տեքստը: Իր ելույթում բանաձևի դեմոկրատ համահեղինակ, սենատոր Մենենդեսը նշեց, որ բանաձևի ընդունմամբ Սենատը հաստատում է ճշմարտությունը: Մեջբերում անելով ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուելի գրքից՝ սենատորն ընդգծեց՝ ԱՄՆ արձագանքի բացակայությունը Թուրքիայի գործողություններին առաջացրեց անպատժելիության նախադեպ, որն ըստ սենատորի այժմ դադարեցվում է: «Շնորհակալ եմ, որ այս բանաձևն ընդունվեց, երբ դեռ ողջ են Ցեղասպանությունը տեսած մարդիկ: Եվ նրանք ի վիճակի կլինեն տեսնելու, որ Սենատը ճանաչում է այն, ինչի միջով նրանք անցել են»,- հուզական իր ելույթն ավարտեց Մենենդեսը: Բանաձևի հանրապետական համահեղինակ, սենատոր Թեդ Քրուզն էլ իր ելույթում ընդունումը որակեց երկու կուսակցությունների ձեռքբերում: Նրա կարծիքով ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի մեկ ու կես միլիոն հայ նահանտակների առջև: «Մենենդես-Քրուզ բանաձևը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից»,- ընդգծեց սենատոր Քրուզը: Անկարան դատապարտեց ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացումը, ինչպես նաև նախօրեին Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին Սենատի ընդունած օրենքը: Նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալին իր թվիթերյան գրառման մեջ Ցեղասպանության բանաձևի ընդունման որոշումն անվանել է «դատարկ» և «անիմաստ», որը հետ չի պահի Թուրքիային իր դիրքերից: Պաշտոնական Երևանն իր հերթին ողջունեց բանաձևի ընդունումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ Սենատին այս բանաձևի ընդունման համար: Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ սենատորներին՝ բանաձևի ընդունումը ողջունեցին նաև ամերիկահայ կառույցները՝ այն գնահատելով որպես հստակ ազդանշան Անկարային: Վերջիններիս հայացքներն այժմ ուղղված է դեպի վարչակազմ: «Բանաձևը չի պահանջում նախագահի ստորագրություն: Քանի որ Կոնգրեսի երկու պալատները փաստորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ պետք է ակնկալենք, որ վարչակազմը ճիշտ քայլերի կդիմի և Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կօգտագործի ցեղասպանություն եզրը»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանը: «Հիմա աշխատանքը պետք է շարունակվի Սպիտակ տան հետ, որ վերջնականապես վերջ դնենք Ցեղասպանության մերժման և մեղսակցության կեցվածքին»,- հայտնում է Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը: ԱՄՆ վարչակազմի կողմից դեռևս որևէ արձագանք չի հնչել այս կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր