211652_close_icon
views-count1799 դիտում article-date 23:02 09-12-2019

ՏԿԵ փոխնախարարը և հանքարդյունաբերողները քննարկել են պղնձաձուլարանի կառուցման նախագծի հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դեկտեմբերի 9-ին քննարկվել են վերամշակող արդյունաբերության կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են «Զանգեզուրի ՊՄԿ» , «Չաարատ Կապան»,«Ագարակի ՊՄԿ» , «Ախթալայի ԼՀԿ», «Թեղուտ» ՓԲ ընկերությունների գլխավոր տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին որպես գործընկեր դիտարկել: Լիլիա Շուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել հանքարդյունաբերությունում, մասնավորապես, պղնձարդյունաբերությունում, վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և՛ գիտելիքների, և՛ ներդրումների, և՛ մարդկային ռեսուրսների մասով: «Մեզ համար կարևոր է, որ դուք, որպես գործընկեր, ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր: Ընկերությունների տնօրենները ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու պետության նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջիններս կուղարկեն այս շղթայում մասնակցության վերաբերյալ իրենց տեսլականը:

Նմանատիպ նյութեր