211652_close_icon
views-count925 դիտում article-date 11:50 12-07-2024

ՏԿԵ փոխնախարարը և «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցիչները քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ՝ Ռաֆալ Ռիբացկիի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակին և առաջիկա գործողություններին։ Նշենք, որ ԵՆԲ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ ֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի 24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատվածի կառուցումը։ Այդ նպատակով նախատեսվում է ԵՆԲ-ից ներգրավել 137 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ։ Այս համատեքստում արծարծվել են վարկային համաձայնագրի ստորագրման ընթացակարգերին, ժամկետներին, ծրագրի իրականացման փուլերին առնչվող մի շարք հարցեր։

ԵՆԲ պատվիրակների հետ այնուհետև քննարկվել է Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհի կառուցման ընթացքը, որն ավարտական փուլում է, և Տրանշ-5-ի Գյումրու շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը։ Նշենք, որ Գյումրու շրջանցիկ ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և մրցութային փաթեթների թարմացման համար դրամաշնորհային հայտ է ներկայացվել ԵՄ «Տրանսպորտի ոլորտում ներդրումների համար արևելյան գործընկերության» (EPIC) գործիքակազմից օգտվելու համար, որը հաստատվել է, և նախաձեռնվել է համապատասխան համաձայնագրի շրջանառությունը։

Անդրադարձ է եղել նաև հեղեղումների հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհի փլուզված հատվածների վերականգնման խնդրին։ Կողմերը քննարկել են ճանապարհի վերականգնման հարցում ԵՆԲ-ի կողմից հնարավոր աջակցության սցենարները։ Նշվել է, որ կլիմայական փոփոխությունները մեծ ազդեցություն են ունենում ճանապարհային ենթակառուցվածքների վրա և ընդգծվել է, որ վերականգնման շրջանակներում նախագծեր կազմելիս պետք է հաշվի առնվեն նաև այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ կլիմայի փոփոխության հետևանքով։

Նմանատիպ նյութեր