211652_close_icon
views-count1448 դիտում article-date 16:04 05-12-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նորանշանակ բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի և ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Ջոզեֆ Բորելին պատասխանատու պաշտոնում նշանակվելու և Կազմակերպության կարևոր ուղղությունների համակարգման ղեկը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր առաքելությունում: Հայաստանի ԱԳ նախարարը, կարևորելով Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությունը՝ որպես ԵՄ հետ երկկողմ համագործակցության զարգացման կարևոր հարթակ, որը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների վրա խարսխված փոխգործակցությունն է ձևավորել եվրոպական գործընկերների միջև: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Հայաստանը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական քայլեր ձեռնարկել ԵՄ հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում ընդգծվեց Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ համագործակցության ոլորտը կարգավորող իրավական հենքի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի էական նշանակությունը: Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի շուրջ:

Նմանատիպ նյութեր