211652_close_icon
views-count1100 դիտում article-date 19:33 03-12-2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ դատախազությունում հերթական անգամ գտնվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀԲ ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումները մշտապես աչքի են ընկել առարկայական և բաց քննարկումներով, որոնց արդյունքում հաջողվել է նախանշել և իրականացել դատաիրավական համակարգի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Այդ նկատառումով, ըստ Դավիթ Մելքոնյանի, ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մեծ ներգրավվածություն ունենալ ՀԲ-ի աջակցությամբ նշված ոլորտի բարեփոխումներին ուղղված նախաձեռնություններում: Պատվիրակության ղեկավար Եվա Մելիսն իր հերթին բարձր է գնահատել ՀԲ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև ձևավորված կառուցողական և գործընկերային երկխոսության մթնոլորտը՝ հավելելով, որ Հայաստանի դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ՀՀ քրեական հետապնդման մարմինների կարիքների համատեքստում համագործակցությունն ավելի ընդլայնելու մեծ հեռանկարներ է ստեղծում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի գործարկման ընթացիկ արդյունքները, անանուն ազդարարման էլեկտրոնային հարթակի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման, մատչելիության և հասանելիության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ կիրառելու խնդիրները: Բացի այդ, քննարկման առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության համար առաջնային համարվող՝ դատախազների գնահատման, էլեկտրոնային քրեական դատավարության համակարգերի ներդրմանը տեխնիկական, տեղեկատվական աջակցության ցուցաբերման, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենսդրության ընդունման դեպքում դատախազների մասնագիտական վերապատրաստմանը և դատախազությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է նաև ՀՀ Կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններով դատախազությանը վերաբերելի միջոցառումների կատարումն ապահովելու ուղղությամբ հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր