211652_close_icon
views-count1545 դիտում article-date 18:10 29-11-2019

Մայր Աթոռում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված բանաստեղծուհի, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի և «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից: Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը: «Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում այս գիտաժողովի մասնակիցներիդ, որ համախմբվել եք երախտիքի տուրք մատուցելու մեծանուն գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին՝ մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակին, նրա ծննդյան 100-ամյակի առիթով: Հոգելույս Սիլվա Կապուտիկյանը մեր նոր գրականության մեջ կարևոր ավանդ ու ժառանգություն է թողել, որին մեր ժողովուրդը լավ ծանոթ է ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում: Ստեղծագործական առաջին քայլերից ի վեր նա արժանիորեն զգաց և վայելեց մեր ժողովրդի սերն ու գնահատանքը, քանզի իր աստվածատուր տաղանդը, բեղուն գրիչը ողջ նվիրումով ծառայեցրեց հարազատ ժողովրդին, նրա իղձերի արտահայտմանը, նրա իդեալներին ու արդար դատին: Նրա ստեղծագործությունը՝ արձակ, թե բանաստեղծություն, շնորհալի խոսքով գովքն է հայրենիքի, վերհուշը մեր պատմության, նրա սլացքների ու վշտերի և ապագայի հանդեպ լուսավոր հավատի: Արդարև, նրա ստեղծագործությունը պահապան զինվորի պես հսկում է հազարագանձ մեր լեզվի մաքրությանը, մեր ժողովրդի զավակաց սրտերում հայրենյաց սիրուն, որպեսզի ազգս հայոց միավորված լինի իր սրբազան, աստվծպարգև հայրենիքով և միշտ հարազատ իր ինքնությանը՝ կերտի իր կյանքը: Հայրենակենտրոն ուղղվածության հետ բարձր արժեք ունեն տաղանդաշատ բանաստեղծուհու խոհական և քնարական ստեղծագործությունները, որոնք անձնական ապրումներից ու մտորումներից վերածվում են համամարդկային զգացումի: Այդ համընդհանուր ընդգրկումի շնորհիվ նրա գրական գործերը հարազատ են նաև այլազգի ընթերցողներին և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Իր բեղուն գրչով, իր գործունեությամբ, նաև շրջագայություններով հայկական գաղթօջախներ, Սիլվա Կապուտիկյանը նպաստեց աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությանը, հայրենիքի և սփյուռքի կապերի ամրապնդմանը: Նա առանց վարանելու մասնակցեց Արցախի ազատագրման շարժմանը՝ իր ելույթներով ու հրապարակախոսություններով ջանքեր բերելով մեր ժողովրդի զավակաց իրավունքների պաշտպանությանը: Նա իր ուժերը նվիրեց նաև մեր նորանկախ պետականության ամրապնդմանը և մեր ժողովրդի առջև լեռնացած դժվարությունների հաղթահարմանը: Այսօր առանձնակի զգացումներով ենք հիշում նաև, թե որքան ջերմությամբ էր Սիլվա Կապուտիկյանը կապված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր Սուրբ Եկեղեցուն: Հիշում ենք գրական գործիչների ու մտավորականների հետ նրա այցերը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետին, ինչը խորապես արտահայտում էր մեր Եկեղեցու դարավոր առաքելության կարևորումը մեր ժողովրդի կյանքում: Քաղցրությամբ ենք հիշում նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծանուն բանաստեղծուհուն շնորհեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը՝ գնահատելով մեր լեզվի, մեր գրականության աննկուն ու նվիրյալ մշակի երախտիքն ու վաստակը: Սիրելիներ, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը նշելով մեր ժողովուրդը արժևորում է նրա կյանքն ու ստեղծագործությունը, անդրադարձ կատարում իր պատմության որոշակի շրջանին, հաստատում այն արժեքները, որոնցով ուզում է ապրել ու դրանք փոխանցել սերնդե սերունդ: Մենք հավատում ենք, որ Սիլվա Կապուտիկյանի գործերը այսօր և ապագայում ներշնչման աղբյուր են լինելու մեր շատ զավակների համար, ապրեցնելով ստեղծագործելու ջիղը մեր կյանքում և վառ պահելով մեր ժողովրդի իղձերն ու տեսիլքները: Մեր գնահատանքն ենք բերում այս գիտաժողովի կազմակերպիչներին և վերստին Մեր բարեմաղթանքներն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ: Թող մեր ժողովրդի սրտում մշտավառ մնա Սիլվա Կապուտիկյանի և ազգիս մեծանուն զավակների հիշատակը՝ նրանց պատգամներով և օրինակով ապրելու առ Աստված հավատքով, առ հայրենին աննվազ սիրով, պայծառ գալիքի հույսերով: Եվ թող Ամենակարողն Աստված Իր Սուրբ Աջի և շնորհների ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և օրհնի ու զորակից լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ իրագործելու մեր ազգային նվիրական, դարավոր իղձերը: Թող Փրկիչ մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը լինեն մեզ հետ և բոլորի՝ այսօր և միշտ. ամեն», - ասաց Վեհափառ Հայրապետը: Ողջունի խոսքով հանդես եկավ նաև «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տ.գ.դ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Գիտաժողովին կներկայացվեն բանախոսություններ ու զեկույցներ անվանի բանաստեղծուհու կյանքի, գործունեության և ստեղծագործական վաստակի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր