84262 դիտում
19:45 24-11-2019
Ողբերգական դեպք Երևանում. թիվ 30 երթուղին սպասարկող «Գազելի» վարորդի ինքազգացողությունը մեքենան վարելիս վատացել է. նա բախվել է երկաթե արգելապատնեշին, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:40-ի սահմաններում, թիվ 30 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1757 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Դավիթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղուց դեպի Սանսա Ծռերի փողոց տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով կլիներ 50-55 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության մեքենայի մեջ մահացել է:
Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ավագ տեսուչ Արմեն Աղաբեկյանը, տեսուչ Ռոբերտ Ղազազյանը:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Դեպքի վայրում հավաքված նրա ընկերներն ասում էին, որ նա աշխատանքից վերադառնում էր տուն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+