65987 դիտում
15:35 22-11-2019
Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում վեր խոյացավ 2016 թվականի ապրիլյան պատերազմի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հսկայական խաչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում հանդիսավորությամբ տեղի ունեցավ հսկայական խաչի բացման արարողություն։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչը, որը դրվել է մոսկվաբնակ Վաղինակ Խաչատրյանի հովանավորությամբ, նվիրված է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի անմեղ զոհերի հիշատակին։
Մինչև խաչի բացումը, գյուղի բնակիչները՝ գյուղապետ Ցոլակ Հակոբյանի և հոգևոր հովվի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին հարևանությամբ դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան պատերազմի հերոսների հուշակոթողին, որից հետո տեղի ունեցավ խաչի բացումը, ու մինչ այդ, ելույթով հանդես եկավ հոգևոր հովիվը։
Գեղակերտ գյուղը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի և Արցախի սահմանները պահելու գործում, ապրիլյան այդ պատերազմի օրերին գյուղի բնակիչները նույնպես բարձր են պահել գյուղի պատիվը։ Ունեցել են մասնակիցներ, որոնցից երեքը պատերազմական այդ օրերին վիրավորվել են։ Իսկ մոսկվաբնակ Վաղինակ Խաչատրյանն իր հարազատների, ընկերների համագյուղացիների հետ բազմաթիվ բարեգործական նվիրատվություններ է կատարել սահմանն անառիկ պահող զինվորներին, ու այդ մասին երբևէ չի բարձրաձայնել։
Այսօր նրա կողմից կատարված նմանատիպ աշխատանքների մասին ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին գյուղացիները։
Հոգևոր հովվի խոսքից և Տերունական աղոթքից հետ գյուղի միջնակարգ դպրոցի երեխաները՝ դպրոցի փոխտնօրեն Անուշ Համբարձումյանի գլխավորությամբ մի իսկական կենդանի համերգ կազմակերպեցին։ Իր երգով միջոցառումն անմահացրեց դպրոցի 17-ամյա սան Կարեն Գևորգյանը, ով կենդանի կատարումով զարմացրեց ոչ միայն գյուղացիներին, այլ նաև հյուրերին։ Ավելի հուզիչ էր 8-ամյա Պետրոս Սահակյանի բանաստեղծությունը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներից Գոռին։ Նրա բանաստեղծությունը լսելիս՝ չէիր կարող չհուզվել, բայց այդ բանաստեղծության տողատակերում հասկանում էիր, որ հայ զինվորն ու հայ սպան պատրաստ են կյանքի գնով պահել առաջնագիծը։
Միջոցառման վերջում գյուղացիներն ասում էին. «Մեր շնորհակալանքի ու երախտիքի խոսքն ենք ուղղում գաղափարի հեղինակ, մոսկվաբնակ Վ. Խաչատրյանին, ով, ծնվելով այս գյուղում, սակայն գործունեություն իրականացնելով Ռուսաստանի Դաշնությունում, երբեք չի մոռացել գյուղն ու գյուղացուն։ Նրա կողմից հովանավորված և գյուղի կենտորոնական փողոցում տեղադրված խաչն ու այս վայրը մեզ համար դառնալու է սրբության սրբոց։ Ամեն օր ու ամեն ժամ գալով այս սրբատեղի՝ ասելու ենք՝ հերոս տղաներ, մենք ձեզ բացակա չենք դնի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 259+
259+