115094 դիտում
23:36 20-11-2019
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. «09»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գագիկ Մուրադյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ ավագ հետաքննիչ Սարմեն Գալստյանը, սակայն, քանի որ դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են 2 քաղաքացու մահ, այդ մասին տեղեկությունը ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Սիսիանի հրշեջ-փրկարարները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հովսեփ Եղիազարյանի անվամբ։ Վիրավորներից երկուսն էլ երեխաներ են, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+