211652_close_icon
views-count1905 դիտում article-date 18:51 20-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է հեղինակավոր Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին (WISE2019)։ Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովը միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է կրթության վերափոխումը նորարարության միջոցով, կրթության նոր մոտեցումների խթանումը և համաշխարհային կրթական հրատապ խնդիրների դիմագրավման նոր եղանակների ուսումնասիրությունը: Այն ստեղծագործական մտածողության, քննարկումների և նպատակային գործողությունների միջազգային բազմոլորտ հարթակ է: Գագաթնաժողովը Կատարի հիմնադրամի նախաձեռնություններից մեկն է, անցկացվում է հիմնադրամի նախագահ և համահիմնադիր շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հովանավորությամբ՝ սկսած 2009 թվականից։ Գագաթնաժողովի նախկին բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը և այլ հեղինակավոր գործիչներ։ Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։ Ելույթ ունենալով համաժողովում՝ նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է․ «Ցանկանում եմ սկսել շնորհակալության խոսքով՝ ուղղված Նորին Գերազանցությանը, որը հրավիրել է ինձ ներկա գտնվել այստեղ ոչ միայն խոսելու, այլև լսելու և սովորելու համար, քանի որ կրթությունը հավերժ է և բոլորի համար:Կրթությունը մեր կյանքի, մեր գործունեության, մարդկության ամենակարևոր մասն է: Ցանկանում եմ Նորին Գերազանցությանը շնորհակալություն հայտնել նաև Կատարի հիմնադրամ այցելելու հնարավորության համար: Այն իսկապես միջազգային հիանալի, ապագային նայող վայր է: Սակայն ամենաշատն ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ՝ գրադարան այցելությունը կազմակերպելու համար: Ես իսկապես մեծ հաճույք ստացա: Դրա մի մասը, որը նման է հնագիտական վայրի, պարունակում է 65 հազար ձեռագրեր, որոնք պատմում են ոչ միայն Կատարի, այլև ողջ տարածաշրջանի մշակույթի ու մարդկության պատմությունը: Կան միլիոնավոր գրքեր, որոնք պատմում են այսօրվա մարդկության պատմությունը, ներկայացնում են ողջ հարստությունն այն ամենի, ինչ ունենք՝ գիտություն, տեխնոլոգիաներ, մշակույթ: Այնտեղ գտնվելու ժամանակ իմ մեջ միտք առաջացավ այս վայրը անվանել «ժամանակի դարպաս», որը մեզ կապում է հարյուր հազարավոր տարիներ հետ գնացող մեր անցյալի հետ, սակայն նույն գրադարանում կարող ես նայել դեպի ապագան, մտածել, թե ուր պետք է շարժվել: Իհարկե, երբ մտածում ես «ժամանակի դարպասի» մասին, սկսում ես մտորել ժամանակի մասին, այն մասին, թե որտեղ ենք մենք ու ինչ ենք անում: Այսօր աշխարհը փոքր-ինչ շփոթված է․ մենք չգիտենք, թե ուր ենք շարժվում, այնքան շատ հարցեր կան ու քիչ պատասխաններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այս աշխարհում: Աշխարհն անկանխատեսելի է թվում, անկառավարելի: Ի՞նչ ենք անելու հաջորդիվ: Թույլ տվեք այս մասին հայտնել իմ կարծիքը, և ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպաս»-ը՝ հետ գնալով 100-150 տարի: 100-150 տարի առաջ մարդկությունն օգտագործում էր այն մեծ գաղափարներն ու տեսությունները, որոնց հեղինակներն էին Իսահակ Նյուտոնն ու մյուսները: Դասական մեխանիկան կառավարում էր ամեն բան, այն պատասխան էր տալիս ամեն հարցի: Գիտությունը կարողանում էր բացատրել ամեն բան, այդ թվում՝ տիեզերքն ու մոլորակները: Սակայն աստիճանաբար իրավիճակը փոխվեց։ Հատկապես խորը տիեզերական ուսումնասիրությունների կամ փոքր մասնիկների ուսումնասիրությունների ժամանակ դասական մեխանիկան այլևս չէր կարողանում շատ երևույթների բացատրությունը տալ: Երբ համեմատում ես 150 տարի առաջ գիտության մեջ տեղի ունեցած երևույթները ներկայի հետ, տեսնում ես, որ պատմությունը կրկնվում է: Այսօր ևս գիտությունը փոքր-ինչ շփոթված է, շփոթված են գիտնականների, ուսուցիչների, համալսարանների մեծ մասը, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ սովորեցնել երեխաներին, այնքան շատ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Իսկ պատասխանը եկավ ինքն իրեն: Մարդկային հանճարները, ի դեմս Ալբերտ Էյնշտեյնի, Հայզենբերգի և մյուսների, ստեղծեցին հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան: Սա ամբողջությամբ փոխեց մեր մոտեցումը, փիլիսոփայությունը և տրամաբանությունը շատ հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է: Հաջորդ 100 տարիների ընթացքում աշխարհը, երկրներն ու հասարակությունները, մենք բոլորս քաղելու ենք այն արդյունքները, որոնք բերել է քվանտային աշխարհի նոր մտածելակերպը: Երբ մտածում եմ մեր օրերի աշխարհի մասին, այսօր շփոթմունքն ավելի մեծ է: Ի՞նչ պետք է անել հաջորդիվ: Ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպասը»: Աշխարհը բացարձակ տարբեր է: Երբ նայում եմ «ժամանակի դարպաս»-ի միջոցով, տեսնում եմ հետևյալ կարգախոսը՝ «Բարի գալուստ նոր, քվանտային աշխարհ»: Սա մի աշխարհ է, որտեղ կարևոր է անհատի ուժը: Նայեք մեր երեխաներին: Նրանք ծնվում են, բնության հետ նրանց առաջին շփումը ոչ միայն մեխանիկական է կամ նյութական, այլև վիրտուալ: Նրանք սկսում են ապրել երկու կյանքով՝ իրական ու վիրտուալ: Սմարթ հեռախոսները դառնում են նրանց առօրյայի մասը: Նրանց համար իրական գրքերը չաշխատող iPad-ներ են: Փոխվել է առողջապահությունը: Արհեստական բանականության, քվանտային ֆիզիկայի ներդրմամբ մենք կկարողանանք շատ արագ կարդալ մեր ԴՆԹ-ն, կկարողանանք ավելի երկար ապրել, հաղթել հիվանդություններին: Կփոխվի նաև արդյունաբերությունը: Այսուհետ մեքենա կարող են ստեղծել երկու ռոբոտներ: Այս դեպքում՝ ո՞րն է լինելու մարդկային գործունեությունը: Մարդկային գործունեությունը լինելու է ստեղծարարությունը, դիզայնը, այս ամենի վերահսկումը: Անհատներն այսուհետ փոխկապակցված են լինելու: Մենք արդեն քվանտային ենք այն առումով, որ մեր հաղորդակցումը կարող է տեղի ունենալ լույսի արագությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գրպանում գիտելիքների մի ամբողջ շտեմարան ունի: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք կարող ենք դա օգտագործել, կարևոր ու գեղեցիկ բան ստեղծել այդ գիտելիքից: Քվանտային աշխարհում, որտեղ մենք ապրելու ենք, լինելու է անհատի ուժը: Մենք արդեն իսկ ապրում ենք այդ աշխարհում: Քվանտայինը դարձել է նաև մեր քաղաքականության մի մասը»,-ասել է նախագահը: Իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորել է կրթությունը՝ տաղանդը գտնելու իր կարևոր առաքելությամբ: «Ամեն երեխա ծնվում է տաղանդով: Բախին չեն սովորեցրել գրել երաժշտություն, նա ծնվել էր այդ տաղանդով, սակայն պետք է ստեղծել ճիշտ միջավայր և խրախուսել տաղանդը,- ասել է Արմեն Սարգսյանը: - Իհարկե, տաղանդ գտնելը հեշտ չէ, դա պահանջում է համբերություն, սեր, մեծ աշխատանք: Սակայն դա շատ կարևոր է, որպեսզի երեխաները գտնեն իրենց տաղանդը»։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ եթե նույնիսկ մարդը հաջողակ, տաղանդավոր և հզոր է, երբեք չպետք է մոռանա, որ իր շուրջը կան հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք հասանելիություն չունեն նույն տեխնոլոգիաներին, տեղեկատվությանը: Ուստի, երբեք չպետք է մոռանալ մյուսների մասին: «Հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում՝ քիչ հայտնի վայրում: Պարտականություն ունեք միշտ հիշել այդ ամենի մասին»,- ասել է նախագահը: Արմեն Սարգսյանի խոսքով՝ մեր կանքի նոր խթանիչ ուժը պետք է լինի այն, որ երիտասարդները հավատան իրենք իրենց: «Դուք պետք է հավատաք, որ կարող եք լինել ստարտափ և լինել հաջողակ, քանի որ սա ստարտափերի ժամանակաշրջան է,-ասել է նախագահը։ - Հավատացեք ինքներդ ձեզ: Արդյոք գիտելիքները, տեղեկատվությունը բավական են: Կարծում եմ՝ ոչ, քանի որ կա մեկ այլ՝ ավելի կարևոր բան՝ ձեր ինքնությունը, ձեր մարդկային արժեքները, հավատը, ձեր մշակույթը: Դուք պետք է ձեր մշակույթը շատ լավ իմանաք: Մենք շատ ժամանակ ենք ծախսում՝ տաղանդը բացահայտելու և դրան աջակցելու համար, բայց նաև պետք է համոզված լինենք, որ, այդ տաղանդը կարող է ավելի հարստանալ մշակույթի, ազգի, ընտանիքի շնորհիվ: Մարդկային էներգիան, տաղանդն ու հանճարը կարող են լինել և՛ արդյունավետ, և՛ ոչ արդյունավետ: Այն, ինչը մեզ պաշտպանում է, մարդկային արժեքներն են, սեփական պատմության, մշակույթի, կրոնի մասին գիտելիքները, ինչը շատ կարևոր է: Ես հավատում եմ, որ կարող ես ապրել անապատում ու ունենալ հաջողակ կյանք, անապատում ստեղծել գիտելիք ու մշակույթ: Սակայն չես կարող կյանք, հաջողություն, գիտելիք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում»։ Ելույթի վերջում հաջողություն մաղթելով բոլորին՝ նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մարդ մնում է երիտասարդ, երբ ապրում է ամեն օր մի նոր բան սովորելով, սովորեցնելով կամ ստեղծելով: «Մաղթում եմ բոլորին երիտասարդ, գեղեցիկ ու առողջ կյանք»,- եզրափակել է Հայաստանի նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր