1128 դիտում
18:07 20-11-2019
ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել մարդու իրավունքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջագերատեսչական խորհրդակցություններ
Նոյեմբերի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան մարդու իրավուքների հարցերին նվիրված հայ-ռուսական միջագերատեսչական խորհրդակցություններ:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Ռինատ Ալլաուտդինովը (Ринат Аляутдинов):
Քննարկվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Մարդու իրավունքների խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, միջազգային այլ կազմակերպություններում և հարթակներում մարդու իրավունքների ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:
Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մասնագիտացված ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները:
Խորհրդակցությունների ավարտին պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Կողմերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրեցին ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա համատեղ ծրագրերը: