211652_close_icon
views-count1668 դիտում article-date 20:23 28-03-2022

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

Մարտի 28-ին տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պատգամավորների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պաշտպանության նախարարության, Դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ:

Նիստի սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովմանն ուղղված գործունեությունը Պաշտպանն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝

- աջակցել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ներառյալ՝ վեր հանելով նրանց հուզող խնդիրներն ու առաջարկելով դրանց համար լուծումներ,

- աջակցել պետությանը, տվյալ դեպքում զինված ուժերին` նպաստելով զինված ուժերի բոլոր անդամների իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը,

- վերահսկել պետական մարմիններին՝ երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ ապահովումը:

Պաշտպանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման կարևոր մեխանիզմ է նաև Պաշտպանին առընթեր փորձագիտական այս խորհուրդը, որի աշխատանքներն անհրաժեշտ է ակտիվացնել։

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ նման քննարկումները շատ օգտակար են թե Պաշտպանի հաստատության կողմից վերհանված խնդիրներն ու առաջարկությունները քննարկելու, և թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործադիր ու օրենսդիր իշխանության պատասխանատուների երկխոսությունը խթանելու համար։

Նիստի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած առաջարկությունները, որոնք ի թիվս այլնի վերաբերում են իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների առավել արդյունավետ իրազեկման, պաշտպանական գերատեսչության կողմից առավել թիրախային ու ժամանակին հաղորդակցության իրականացման, սպայական անձնակազմի վերապատրաստման ու երաշխիքների ամրապնդման, հոգեբան-սպաների պատրաստմանն ու շարունակական վերապատրաստմանը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ առանց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության երաշխավորման, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հնարավոր չէ ունենալ արդյունավետ զինված ուժեր»։ 

Պաշտպանության նախարարության և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները ներկայացրել են ձեռնարկվող քայլերի մասին ընթացիկ տեղեկատվություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները համակարգված ձևով ներկայացրել են Պաշտպանի հաստատության կողմից իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում վերհանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:

Նշվել է, որ Պաշտպանի աշխատակազմում ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության դեպքերով մի շարք դիմում-բողոքներ ու սեփական նախաձեռնությամբ քննարկումներ։ Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, ներկայացվել են լուծման առաջարկներ:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին: Պետական մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, մտքեր են փոխանակել բանակում կարգապահության բարձրացման մեխանիզմների մշակման հարցերի շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատելու առկա խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու վերաբերյալ:

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր