211652_close_icon
views-count1610 դիտում article-date 13:11 19-11-2019

375 միլիոն դրամ կտրամադրվի Մարզահամերգային համալիրի սահադաշտը բարելավելու համար

Կառավարությունը 375 միլիոն 672 հազար 320 ՀՀ դրամ գումար է տրամադրելու «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտը բարելավելու, կահավորելու և տեխնիկական վերազինում իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքը, ձեռք բերվող սարքավորումները կնպաստեն լիարժեք և արդյունավետ համերգային գործունեության իրականացմանը: Պետական գույքի կառավարման կոմիտեն գրությամբ դիմել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նորագույն տեխնիկայով և ժամանակակից գույքով կահավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու խնդրանքով։ ՀՀ փոխվարչապետի հանձնարարականով Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել էր ապահովել արդիականացման նպատակով անհրաժեշտ ծախսերի գնահատման աշխատանքները։ Հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից արդիականացման ծրագրի շրջանակներում իրականացվել է գնանշման հարցում, և բաց մրցույթ ընթացակարգերի միջոցով կազմակերպվել են մրցույթներ: Բոլոր մրցույթները հայտարարվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, այն է՝ մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: «Մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ կնքվել են գնման պայմանագրեր՝ - լուսադիոդային լուսատուներ ձեռք բերելու նպատակով լատվիական «Վիզուլո Սոլութիոնս» ՍՊԸ-ի հետ՝ 164 միլիոն 839 հազար 849.74 դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ): - սահադաշտի վերազինման համար սառնարանային սարքեր, կոմպրեսորներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ռուսական «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի հետ՝ 126 միլիոն 832 հազար 471 դրամ արժեքով (առանց ԱԱՀ-ի): Հաշվի առնելով, որ ապրանքը ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից 25 միլիոն 366 հազար 494 դրամ ԱԱՀ-ն վճարելու է Պատվիրատուն՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենքի: Ռոյալի գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվել հայտ չներկայացնելու հիմքով։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունը հարցումներ է կատարել տեղական և արտասահմանյան կազմակերպություններին՝ պարզելու համար գնման առարկայի, մասնավորապես՝ «Steinway and Sons» ընկերության արտադրության D-274 ռոյալի ձեռք բերման գինը։ Գնային ամենացածր առաջարկը ներկայացրել է հայաստանյան «Լայթ Դիզայն» ընկերությունը՝ 84 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն)»,- նշված է նախագծում: Ըստ նախագծի` լուսադիոդային լուսատուների ձեռք բերման դեպքում մարզահամերգային համալիրը կունենա մոտ 30-40% էլեկտրաէներգիայի ծախսի կրճատում։ Ակնկալվում է, որ սահադաշտի արդիականացումը կնպաստի ոչ միայն մարզահամերգային համալիրի համար հավելյալ եկամտի աղբյուրի ձևավորմանը, այլ նաև հանրապետությունում ձմեռային մարզաձևերի զարգացմանը: Համալիրում են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները։ Նախատեսվում է Մարզահամերգային համալիրում կազմակերպել հոկեյի և գեղասահքի միջազգային մրցաշարեր, ինչպես նաև կազմակերպել ուսումնամարզական հավաքներ, ինչը հնարավորություն կընձեռի հայ երիտասարդներին ներգրավվելու այդ մարզաձևերում:

Նմանատիպ նյութեր