Իրանում կանխել են այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցչի դեմ մահափորձը
Իրանցի ուժայինները կանխել են այս գիշեր Իրանի Եզդ նահանգում այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Նասերի Յազդիի դեմ մահափորձը։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Խամենեիի գրասենյակի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ գիշերը մի քանի զինյալներ, զինված սառը զենքով, փորձել են մուտք գործել Նասերիի Յազդիի տուն։
Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանխել վերջիններիս ներթափանցումը։ Ձերբակալվել է 4 մարդ, հանցագործներից մի քանիսին հաջողվել է փախուստի դիմել։
Հիշեցնենք, որ Իրանում վերջին օրերին մասշտաբային ցույցեր են տեղի ունենում բենզինի գնի թանկացման վերաբերյալ իշխանությունների որոշման դեմ։ Ցույցերը որոշ քաղաքներում վերածվել են անկարգությունների ու բախումների՝ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, կան զոհեր ու վիրավորներ, զոհերի թվում նաև ոստիկաններ կան։