211652_close_icon
views-count1956 դիտում article-date 18:40 18-11-2019

Երեխայի իրավունքները 30 տարեկան են. մեծ հաջողություններ, անհերքելի ձեռքբերումներ, բայց դեռ փոքր առաջընթաց ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների համար. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից ի վեր՝ աշխարհի երեխաների կյանքում հսակայական ձեռքբերումներ են գրանցվել: Այնուամենայնիվ, այսօր հրապարակված «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի խաչմերուկներում» զեկույցը փաստում է, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող շատ ու շատ երեխաներ դեռ մնում են անտեսված: Ամփոփելով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակը՝ զեկույցը անդրադառնում է նաև վերջին երեք տասնամյակում գրանցված հաջողություններին՝ ապացուցելով որ քաղաքական կամքի ու վճռականության դեպքում երեխաների կյանքը իսկապես կարելի է ավելի բարեկեցիկ դարձնել: «Վերջին երեք տասնամյակներում տպավորիչ ձեռբերումներ են գրանցվել. Ավելի ու ավելի շատ երեխաներ այսօր ավելի երկար ու ավելի առողջ են ապրում: Այնուամենայնիվ, նույնը չենք կարող ասել աղքատության մեջ ապրող ու առավել խոցելի երեխաների մասին»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը՝ ավելացնելով. «Այսօրվա երեխաները պետք է դիմակայեն ոչ միայն առողջության, սնուցման ու կրթության արդեն հայտնի մարտահրավերների, այլ նաև կլիմայական փոփոխություններով, առցանց բռնությամբ ու բուլինգով պայմանավորված մարտահրավերների: Մենք միայն նորարար մոտեցումների, նոր տեխնոլոգիաների, քաղաքական կամքի ու լրացուցիչ ներդրումների շնորհիվ կարող ենք Կոնվենցիայի տեսլականը իրականություն դարձնել աշխարհի բոլոր երեխաների համար»: Զեկույցը երեխայի իրավունքների իրականացման վերաբերյալ վերջին երեք տասնամյակներում գրանցված ձեռքբերումների շարքում թվում է հետևյալը: Աշխարհում մանկական մահացությունը կրճատվել է 60 տոկոսով: Տարրական դպրոցից դուրս մնացող երեխաների մասնաբաժինը 18 տոկոսից նվազել է մինչ 8 տոկոս: Կոնվենցիայի հիմնաքարային սկզբունքները՝ զրո խտրականություն, երեխայի լավագույն շահը, ծնվելու, ապրելու ու զարգանալու իրավունքը և պաշտպանության իրավունքը, ընդգրկվել են և/կամ հիմք են հանդիսացել աշխարհում բազմաթիվ սահմանադրությունների, օրենքների, քաղաքականությունների ու գործունեությունների համար: Ցավոք, այս ձեռքբերումները հավասարապես չեն բաշխվել: Ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում երկու անգամ ավելի հավանական է, որ ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաները չեն ապրի մինչ իրենց հինգ տարեկանը բոլորելը՝ ամենահարուստ ընտանիքների համեմատ: Վերջին տվյալների համաձայն՝ Հարավ-սահարյան Աֆրիկայի երկրներում ամենաաղքատ ընտանիքներում ապրող երեխաների միայն կեսն է պատվաստված կարմրուկի դեմ՝ ամենահարուստ ընտանիքների երեխաների 85 տոկոսի համեմատ: Ճիշտ է՝ մանկական ամուսնությունները նվազել են, սակայն այսօր որոշ երկրներում ամենաաղքատ աղջիկներն ավելի խոցելի են այս առումով, քան 30 տարի առաջ էին: Երեխաներին սպառնացող նոր վտանգներն են՝ Աղքատությունը և խտրականությունը շարունակում են վտանգ հանդիսանալ աշխարհում միլիոնավոր երեխաների համար: Զինված հակամարտությունները, անհանդուրժողականությունը և մեծ ծավալների հասած միգրացիան ու փախստականների ճգնաժամը ոչնչացնում են արդեն գրանցված ձեռքբերումները: Առաջ եկած կլիմայական ճգնաժամերը մեծագույն վտանգ են ներկայացնում հենց երեխաների համար՝ ազդելով նրանց թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա: Կլիմայի արագ փոփոխությունները տարածում են հիվանդություններ, մեծացնում են արտակարգ եղանակների հաճախականությունը՝ առաջ քաշելով սննդի ու ջրի անապահովության խնդիրը: Եթե անհապաղ չգործենք, երեխաները վատագույնի ականատեսը կլինեն: Չնայած այսօր ավելի շատ երեխաներ են պատվաստված, քան երբևէ, վերջին տասնամյակի պատվաստման ծածկույթի նվազումը դժվարությամբ ձեռք բերած հաղթանակները կասկածի տակ է դնում: Կարմրուկի դեմ պատվաստման ծածկույթը սկսել է նվազել դեռ 2010-ից, ինչը տարբեր երկրների բռնկումների պատճառ է դարձել: 2018-ին ավելի քան 350,000 կարմրուկի դեպք է գրանցվել աշխարհում. Սա նախորդ տարվա ցուցանիշի կրկնապատիկն է: Դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը դադարել է նվազել, իսկ դպրոցում երեխաների ստացած գիտելիքները բավարար չեն: Աշխարհում տարրական դպրոցում երեխաների ընդգրկվածությունը նույն մակարդակի վրա է մնացել 2007-ից, իսկ դպրոցում աշակերտներից շատերը նույնիսկ բազային գիտելիք չեն ստանում, ու դեռ չենք խոսում այսօրվա տնտեսությանն անհրաժեշտ հմտությունների մասին: Երեխաների իրավունքների պաշտպանությունը լավացնելու և նոր ու հին վտանգներին դիմակայելու համար զեկույցում կոչ է արվում. հավաքագրել ավելի շատ տվյալներ, կիրառել գործող ու արդեն հաջողված լուծումները, ավելացնել ներդրումները, ընդգրկել երիտասարդներին և նրանց հետ համատեղ փնտրել բարդ խնդիրների լուծումներ, մշտապես կիրառել արդարության ու գենդերային հավասարության սկզբունքները: Մինչդեռ այս բոլոր տարրերն ու բաղկացուցիչները անհրաժեշտություն են դրական փոփոխության հասնելու համար, արագորեն փոփոխվող այս աշխարհում մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է երեխայի իրավունքները կրկին սահմանել գլոբալ արժեք ու իսկապես սկսել ավելի լավ աշխարհ կառուցել հանուն մեր երեխաների:

Նմանատիպ նյութեր