211652_close_icon
views-count12149 դիտում article-date 16:30 16-11-2019

Բուլղարիայի Պլիսկա քաղաքում գտնվող Կիրիլյան տառերի թանգարանում տեղադրվել են հայազգի գրողների արձանները. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ

Պլիսկա քաղաքում գտնվող Կիրիլյան տառերի թանգարանում տեղադրվել են գրողներ Հակոբ Մելքոնյանի և Լեոնիդ Հուրունցի արձանները: Աշխարհում առաջին թանգարանը, որը նվիրված է կիրիլյան այբուբենին, 2015 թվականի մայիսի 2-ին հիմնադրել է Հայաստանի քաղաքացի, երկար տարիներ Բուլղարիայում ապրող ու աշխատող, գործարար Կարեն Ալեքսանյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ թանգարանը հիմնադրելիս ոգեշնչվել է Հայոց այբուբենի հուշարձանով և որոշել նախաձեռնել կիրիլյան այբուբենի հուշարձանի ստեղծումը, քանի որ ամբողջ աշխարհում ավելի քան 500 մլն մարդ է գրում կիրիլիցայով: Թանգարանում կիրիլյան այբուբենի տառերի քանդակները զարդարված են հայկական և սլավոնական զարդանախշերով։ Բոլոր տառերը քանդակել է Ռուբեն Նալբանդյանը, որը հեղինակել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեցեղու պուրակում տեղադրված հայտնի խաչտառերը: Կարեն Ալեքսանյանի հավաստմամբ, Ռուբեն Նալբանդյանի՝ հայկական խաչքարերի ոճով քանդակված կիրիլյան այբուբենի տառերը բոլոր այցելուներին տեղեկացնում և հիշեցնում են, որ հայերը առաջին քրիստոնյա ազգն են, և որ խաչքարերի քանդակագործության մշակույթը տարածված է միայն հայերի շրջանում: Թանգարանը գտնվում է Պլիսկա քաղաքում, ինչը, Կարեն Ալեքսանյանի հավաստմամաբ, խորհրդանշական է, քանի որ այն եղել է Բուլղարիայի առաջին մայրաքաղաքը: Կիրիլյան տառերի թանգարան-համալիրի տարածքում գտնվում է նաև գրողների պուրակ, որտեղ տեղակայված են տարբեր ազգերի այն գրողների արձանները, որոնք ստեղծագործել են կիրիլիցայով: Նոյեմբերի 1-ին այդ պուրակում տեղադրվել են բուլղարահայ գրող, Սոֆիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի և արցախցի գրող Լեոնիդ Հուրունցի, ինչպես նաև բելառուսցի գրող Յանկա Կուպալայի և բուլղարացի գրող Թեոդոր Պալանայի կիսանդրիները: Մեզ հետ զրույցում Կարեն Ալեքսանյանը փոխանցեց, որ հայազգի գրողների կիսանդրիները քանդակվել են Հայաստանում. «Հակոբ Մելքոնյանի կիսանդրու հեղինակը Գագիկ Ստեփանյանն է, որը քանդակել է նաև Գարեգին Նժդեհի արձանը՝ տեղակայված Երևանում, իսկ Լեոնիդ Հուրունցի կիսանդրին քանդակել է արցախցի հայտնի քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը»: Նրա փոխանցմամբ, գրողների պուրակում տեղակայված բոլոր քանդակների հեղինակները հենց նրանց համերկրացիներն են. «Այդ կերպ մենք ցանկանում ենք ոչ միայն տվյալ ազգի գրականությունը, այլև քանդակագործությունը տարածել»: Կիսանդրիների բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը: Կարեն Ալեքսանյանի փոխանցմամբ, վերջիններս իրենց հետ Լեոնիդ Հուրունցի ծննդավայրից՝ Նորշեն գյուղից, հող են տարել, որը լցրել են կիսանդրու պատվանդանի տակ. «Այդպիսով ստացվել է, որ գրողի արձանը հենց Արցախի հողի վրա է կանգնեցվել»: Տաթև եպիսկոպոս Հակոբյանն արարողության ժամանակ ողջունել է ազատ և անկախ Արցախի Հանրապետությանը, որի ընթացքում ծածանվել է Արցախի դրոշը: Արարողությանը հնչել են նաև հայկական երգեր: Քանդակների բացման արարողությանը ներկա են եղել նաև Բուլղարիայում Բելառուսի դեպանատան պատվիրակության ներկայացուցիչները՝ դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչի գլխավորությամբ, Յանկա Կուպալայի անվան պետական գրական թանգարանի պատվիրակության ներկայացուցիչները ՝ տնօրենի գլխավորությամբ, ինչպես նաև պետական, քաղաքական, հասարակական և մշակութային բազմաթիվ գործիչներ: Մեզ հետ զրույցում Կարեն Ալեքսանյանը, որն իր սեփական միջոցներով հիմնադրել է թանգարանը և շարունակում է հարստացնել այն նոր քանդակներով, ասաց, որ թանգարանի գրողների պուրակում կան 20 ազգի ներկայացուցիչների քանդակներ. «Ի դեպ, հայերը միակ ազգն են, որ ունեն սեփական այբուբենը, բայց շատ լավ են ընդունում կիրիլիցան: Եվ շատ ուրախ եմ, որ պուրակում իրենց տեղն են զբաղեցնում հայ գրողների կիսանդրիները»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր