211652_close_icon
views-count2219 դիտում article-date 21:34 12-11-2019

Հռոմի Պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանությանը

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ: Այս մասին Ֆրանցիսկոս Պապը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին, հայր Հովսեփ Պետոյանին, որը սպանվել է երեկ, իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց, նրան ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիսկոս Պապը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ղամիշլիում սպանված Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը ունի մեկ որդի և երկու դուստր: Քահանայական ձեռնադրությունն ընդունել է 2014թ.՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Հայաստանի Արևիկ համայնքում: 2014-ից ծառայում էր Գամիշլիում, որտեղ և ապրում էր ընտանիքով: Հիմնել է Գամիշլիի Սուրբ Հովսեփի երիտասարդական միությունը, կազմակերպում էր նաև տեղում գործող այլ միությունների՝ Սրբուհի Ռիտայի, Սրբուհի Թերեզայի միությունների աշխատանքը: «Տ. Հովսեփը մի քանի ամիս ծառայել է նաև Հայաստանի կաթողիկե համայնքներում, 2017-2018թթ. մասնակցել է Աղաջանյան կենտրոնում տեղի ունեցող Երիտասարդական համայնքային օրերին: Սիրում էր աշխատել երեխաների և երիտասարդների հետ և իր կենսուրախ, աշխույժ բնավորությամբ սիրելի էր բոլորի համար»,-նշված է պաշտոնական կայքում: 2019թ. նոյեմբերի 11-ի առավոտյան ահաբեկիչների ձեռքով սպանվել է Սիրիայի Գամիշլի բնակավայրի հայ կաթողիկե համայնքի ժողովրդապետ, հոգևոր հովիվ Արժ. Տ. Հովսեփ Քհն. Պետոյանը: Տ. Հովսեփը սպանվել է Հասաքիե-Դեր Զոր ճանապարհին, ըստ երևույթին, ահաբեկիչների կողմից արձակված կրակոցներից: Տեր Հոր մեքենայում եղել են նաև նրա հայրը և Ֆադի Սանո Սարկավագը: Հայրը մահացել է տեղում, քահանան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ սարկավագը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Հայտնի է, որ Տ. Հովսեփ Պետոյանը գնում էր Դեր Զորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զուգադիպությամբ, ողբերգական դեպքը պատահել է Շիդդադե կոչվող մի վայրում, որտեղ տեղի ունեցել 1915-ի հայկական ցեղասպանության վերջին կոտորածը:

Նմանատիպ նյութեր