62752 դիտում
22:52 08-11-2019
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Nissan-ը 60 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում. վիրավորին հիվանդանոց են ուղեկցել տարածքի ոստիկանապետն ու ՃՈ դասակի հրամանատարը. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից առգրավվեց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը Ոստիկանության Զորքերի ծառայող է, իսկ եթե Արմավիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, չէր բացառվում, որ հետաքրքրասեր քաղաքացիները դեպքի վայրից ատրճանակն ու հրացանը տանեին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+