211652_close_icon
views-count1794 դիտում article-date 15:49 07-11-2019

Սեռական շահագործումից և բռնությունից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան հավանություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Որոշվեց, որ կառավարությունը կդիմի ՍԴ-ին միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե ՍԴ որոշումը լինի դրական, նախագիծը կներկայացվի ԱԺ: Նշենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար։ Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում: Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության կանխարգելումը և դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական և միջազգային համագործակցության խթանումը: Սույն Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել և իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաև իրավապահ և դատական մարմիններում։

Նմանատիպ նյութեր