Ավստրալիացի արագավազորդը չի կարողացել կոկաինը ձեռքին փախչել ոստիկանությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
400 մետր վազքատարածությունում Օլիմպիական խաղերի մասնակից, ավստրալիացի արագավազորդ Ջոել Միլբերնը՝ կարճատև հետապնդումից հետո Սիդնեյի ոստիկանության կողմից ձերբակալվել է թմրանյութ պահելու համար:
Մարզիկը գիշերային ակումբից դուրս գալուց հետո գրավել է ոստիկանների ուշադրությունը: Վազորդը փորձել է փախչել, սակայն բռնվել է: Նրան նաև չի հաջողվել ձերբազատվել կոկաինի փաթեթից:
Տեղի լրատվամիջոցները կատակով գրել են, որ վազքի մրցույթում հաղթել են ոստիկանության տեղի Strike Force Northrop բաժանմունքի դետեկտիվները:
Ջոել Միլբերնին մեղադրանք են ներկայացրել թմրանյութ պահելու, ոստիկաններին դիմադրելու և նախաքննությանը խոչընդոտելու հոդվածներով: Նրա փաստաբանը հայտարարել է, որ մարզիկը պատրաստ է խոստովանել իր մեղքը առաջիկա դատական նիստում:
33-ամյա Միլբերնը Պեկինի և Լոնդոնի Օլիմպիադաների մասնակից է, ինչպես նաև 2010թ. Դելիում Համագործակցության խաղերի հաղթող փոխանցումավազքում: