211652_close_icon
views-count1521 դիտում article-date 20:18 04-11-2019

Ռուստամ Բադասյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին. քննարկվել են նաև դատավորների թեկնածուների պատրաստմանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայաստանին՝ այդ թվում Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար և ներկայացրել Կառավարության բարեփոխումների խիտ օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներին: Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարությանը վերապահված է մեծ առաքելություն՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Այդ համատեքստում Գերմանիայի դեսպանը հետաքրքրվել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացներով: Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, ներկայում երեք նոր օրենսգրքերի նախագծերի վերանայման վերջնական աշխատանքներն են իրականացվում և նախատեսվում է՝ մինչև տարեվերջ դրանք ուղարկել Ազգային ժողով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նշված փաստաթղթերը մարդակենտրոն են և հիմքում մարդու իրավունքներն ու միջազգային կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող առաջարկություններն են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների թեկնածուների պատրաստման, գործող դատավորների վերապատրաստման հարցերին, ինչպես նաև ընդգծվել է, որ բարեվարքության գնահատման չափանիշները կիրառվելու են ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր