211652_close_icon
views-count1240 դիտում article-date 20:49 01-11-2019

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության հայտարարությունը ԲԿԳ օրենքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ

«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածե ԲԿԳ օրենքի նախագծի որոշ դրույթների կապակցությամբ։ Նրանում ասվում է. «Մենք՝ «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամներս, ելնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բուհերի կազմակերպաիրավական ձևին, կառավարմանը և ինքնավարությանն առնչվող դրույթների վերաբերյալ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած մասնագիտական քննարկման արդյունքներից․ • Համոզված ենք, որ Հայաստանի հանրային բարձրագույն ուսումնական հաստատություններից համալսարանների համար անհրաժեշտ է սահմանել կազմակերպաիրավական հատուկ ձև՝ Ուսումնական հաստատություն՝ ներմուծելով այս եզրույթն ինչպես նախագիծ, այնպես էլ, դրա ընդունումից հետո, ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ Մեր համոզմունքի հիմքն է հետևյալ հանգամանքը․ մի կողմից՝ Հայաստանի համալսարանների մեծ մասն ունի հիմնադրամի կազմակերպաիրավական ձև, մյուս կողմից՝ ինչպես գործող օրենսդրությունը, այնպես էլ սույն նախագիծը, հանրային բուհի կառավարումից հիմնադրի անջատում չի ապահովում։ Սա հակասում է հիմնադրամի բուն էությանը։ Ուստի՝ գտնում ենք, որ առաջարկվող նախագծի համապատասխան դրույթների և հիմնադրամների էության ու առաքելության միջև առկա է տրամաբանական խզում։ Մի կողմից՝ անհրաժեշտ համարելով հանրային համալսարանների կառավարումից հիմնադրի անջատում նախատեսող օրենսդրական փոփոխությունները՝ հանրային համալսարանների՝ հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունենալու պարագայում, մյուս կողմից, սակայն, ընդունելով հանրային բուհերի կառավարմանը պետության որոշակի մասնակցության անհրաժեշտությունը, գտնում ենք, որ նախ՝ բարձրագույն կրթության մասին օրենքը պետք է հստակ ձևակերպի հանրային համալսարանների կառավարման մեջ պետության մասնակցության նպատակները և ըստ այդմ սահմանի պետության ներկայացուցիչների թիվը համալսարանների կառավարման խորհուրդներում, երկրորդ՝ համալսարանների համար պետք է ընտրել կազմակերպաիրավական այնպիսի ձև, որը հստակորեն հնարավորություն կտա տարանջատելու հիմնադրամի և կազմակերպաիրավական հատուկ ձևի՝ ուսումնական հաստատության տարբերակիչ հատկանիշները։ • Անհրաժեշտ ենք համարում սահմանել բուհերի կառավարման խորհրդի անդամների ընտրության տարբերակված չափանիշներ խորհրդի ներքին և արտաքին, ուսանող և իրավասու մարմնի կողմից ընտրված անդամների համար։ Այդ չափանիշներն օրենքի նախագծում սահմանելու անհնարինության դեպքում անհրաժեշտ ենք համարում առնվազն այն, որ օրենքը պետք է նախատեսի բուհերի կանոնադրություններում այդ չափանիշները սահմանելու պարտադիր պայման։ Այս տեսանկյունից կարևորում ենք բաց մրցույթով կառավարման խորհրդի արտաքին անդամների ընտրությունը։ • Կարծում ենք, որ նախագծում բուհական ինքնավարության որոշ սահմանումներ բովանդակային առումով սահմանափակ են ներկայացված։ Կազմակերպական ինքնավարության հասկացության մեջ ներառված չէ բուհի՝ կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմիններ կազմավորելու իրավասությունը, ինչը կազմակերպական ինքնավարության խիստ կարևոր ցուցիչ է։ Ֆինանսական ինքնավարության վերաբերյալ ներկայացված հասկացության ներքո բացակայում են ֆինանսական շուկայից վարկային միջոցներ ներգրավելու, պետական ֆինանսավորումից ստացված ավելցուկը պահպանելու և օգտագործելու, անշարժ գույքը վարձակալության տալու և այլնի իրավասության մասին դրույթները։ • Կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ հաշվի առնել նախագծի և այլ իրավական ակտերի հետագա շարադրանքի մեջ վերոնշյալ նկատառումներն ու առաջարկությունները։ 1. Նարեկ Գալստյան - ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, 2. Ալեն Ղևոնդյան - ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, 3. Մենուա Սողոմոնյան - ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, 4. Լևոն Հովսեփյան - ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ, 5. Էրիկ Դավթյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, 6. ՎաՀե Հովհաննիսյան – ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, 7. Տիրայր Վարդազարյան – ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, 8. Արսեն Թավադյան – ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, 9. Արսեն Հովհաննիսյան - ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, 10. Տաթև Դավթյան - ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, 11. Գևորգ Էմին-Տերյան – ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի 12. Արսեն Բաբաջանյան – ԵՊՀ կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ, 13. Նաիրա Երիցյան – ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի դասախոս, 14. Մովսես Դեմիրճյան – ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, 15. Պարգև Բարսեղյան – ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, 16. Միքայել Մալխասյան – ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, 17. Հայկ Մնացականյան – ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, 18. Նարեկ Հարությունյան – ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ, 19. Հարություն Մովսիսյան – ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ, 20. Արշալույս Գալստյան – ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, 21. Հովհաննես Ալեքսանյան – ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ, 22. Արքմենիկ Նիկողոսյան – ԵՊՀ շրջանավարտ, գրող, հրապարակախոս, 23. Լիլիթ Հովհաննիսյան – ԵՊՀ շրջանավարտ, ՀՀ ԳԱԱ կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, Գդանսկի համալասարանի դասախոս 24. Գևորգ Ճաղարյան – ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ»։

Նմանատիպ նյութեր