7833 դիտում
13:04 20-11-2019
«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի խնդրահարույց դրույթների վերաբերյալ
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով թեև ապահովվում է առաջընթաց բարձրագույն կրթության և գիտության ոլորտի որոշ իրավակարգավորումների առնչությամբ, լուծվում են որոշ խնդիրներ, սակայն առկա են լուծում պահանջող մի շարք խնդրահարույց կետեր։
1. Բուհական ինքնավարություն: Առաջարկվող նախագծով բուհի կառավարման խորհրդում պետական իշխանության կողմից նշանակվող անդամների թիվը սահմանվում է 50 տոկոս: Նույն կարգավորումը գործում է նաև այժմ: Սակայն նախագծով սահմանափակվելու է բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը՝ 50 տոկոսից իջեցվելով 33.3 տոկոսի: Այսինքն՝ բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը դադարում է ազդեցիկ լինելուց, իսկ պետական իշխանությունը ձեռք է բերում հնարավորություն անցկացնելու ցանկացած որոշում, թեկուզ դրան դեմ լինեն տվյալ բուհի բոլոր դասախոսները և ուսանողները: Այսինքն՝ նախագիծն իրականում սահմանափակում է բուհական ինքնավարությունը, չնայած հայտարարվում է, որ ուղղված է դրա ընդլայնմանը:
[b]
Բուհական ինքնավարությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝[/b]
Ա) Պետական մասնակցության համեմատ համաչափ դարձնելկառավարման խորհրդում դասախոսների և ուսանողների մասնակցությունը, այդ թվում՝ արտաքին անդամների ընտրության այնպիսի կառուցակարգ սահմանել, որը հնարավորություն կընձեռի հաշվի առնելուբուհի դիրքորոշումը թեկնածուներին որոշելիս,
Բ) Հիմնավորել պետական իշխանության մասնակցության նպատակը և ըստ այդ նպատակի՝ սահմանել մասնակցության տոկոսը,
Գ) Ապահովել բուհի կառավարման մարմինների ընտրովիությունը,
Դ) Կառավարման խորհրդի դասախոս և ուսանող անդամների ընտրությունը դարձնել կանոնակարգված (ներկայիս կարգավորումներով այդ ընտրությունը կատարվում է հիմնականում թերի կարգավորված, մի քանի մակարդակով, անուղղակի, ինչի պատճառով սովորական դասախոսի և ուսանողի մասնակցությունը հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը գրեթե վերանում է)՝ սահմանելով նաև արտաքին անդամների ընտրության միասնական չափանիշներ:
2. Աստիճանաշնորհում: Նախագծով առաջարկվում է սահմանել մեկ գիտական աստիճան: Մենք ընդունում ենք, որ անհրաժեշտ է բարեփոխել գիտական աստիճանաշնորհման և գիտական/բուհական կոչումների համակարգը։
Ամեն դեպքում գիտական աստիճանը պետք է դիտարկվի որպես անհրաժեշտ պայման գիտական/բուհական կոչում ստանալու համար։ Դասախոսի, դոցենտի և պրոֆեսորի պաշտոններին հավակնող անձանց համար պետք է սահմանվեն տարբեր չափանիշներ։ Պրոֆեսորի պաշտոնին հավակնող անձը պետք է ունենա ավելի բարձր որակավորում, քան դոցենտի պաշտոնին հավակնողը։ Այս տեսակետից, նույնիսկ եթե սահմանվի մեկ գիտական աստիճան, ինչ-որ պահի անհրաժեշտություն կլինի ստեղծելու որակավորման ևս մեկ ընթացակարգ։ Եվրոպական տարբեր երկրներում թեկուզ առկա է ընդամենը մեկ PhD աստիճան, սակայն առկա է նաև հաբիլիտիացիայի գործընթաց։
Ուստի, որպեսզի ապահովվի վերջնական արդյունքը, այն է՝ հստակեցվի աստիճանաշնորհումը և կոչումների տրամադրումը, մյուս կողմից՝ տրվեն որակավորման հստակ չափանիշներ, ինչպես նաև ապահովվի համապատասխանեցում և´ եվրոպական, և´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, [b]առաջարկում ենք[/b]՝
1. Գիտական աստիճանի տրամադրումը հստակորեն դիտել որպես գիտական/բուհական կոչում տրամադրելու նախապայման,
2. Հստակեցնել համապատասխան գիտական/բուհական կոչումի համար անհրաժեշտ որակավորման չափանիշները,
3. Պահպանել գիտության թեկնածուի աստիճանը՝ օրենքով նշելով, որ այն համապատասխանում է եվրոպական երկրներում ընդունված PhD-ի աստիճանին, իսկ գիտության դոկտորը որակավորման լրացուցիչ չափանիշ է PhD-ի համար, որը համապատասխանում է եվրոպական երկրների հաբիլիտիացիային։
[b]Արդյունքում՝[/b]
1. Մենք կունենանք գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների համակարգ, որը կլինի նպատակային՝ կապահովեն որակավորման չափանիշներ որոշակի պաշտոնների/կոչումների համար,
2. Այդ համակարգը կհամապատասխանի և´ եվրոպական, և´ ԱՊՀ երկրների ստանդարտներին, ինչը կհեշտացնի հարաբերություններն ավելի մեծ թվով երկրների հետ։
3. Ակադեմիա: Նախագծով առաջարկվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը վերանայել: Այն գիտության կառավարող մարմնից վերածվելու է խորհրդատվական մարմնի: Փաստացի, ակադեմիան այն կառուցվածքով, որ այսօր կա, այլևս չի լինելու: Մենք համամիտ ենք, որ պետք է մոտեցնել բարձրագույն կրթությունը և գիտությունը՝ ԳԱԱ համակարգում գործող ինստիտուտները և բուհերը որոշակիորեն միմյանց ինտեգրելու միջոցով։
Սակայն Ակադեմիան պետք է պահպանվի՝ որպես ֆունդամենտալ գիտությունը համակարգող և ուղղորդող մարմին։ Նրա լիազորությունները պետք է հստակեցվեն այդ տրամաբանությոամբ։
Խնդիրն այն է, որ ֆունդամենտալ գիտությունը երբեք չի տալիս կարճաժամկետ արդյունքներ, սակայն նորմալ ֆինանսավորման պարագայում կարող է հանգեցնել երկարաժամկետ ահռելի եկամուտների: Այս առումով առկա է հակասություն՝ պետական իշխանության, որըմիշտ ցանկանում է ապահովել կարճաժամկետ արդյունք, և ֆունդամենտալ գիտության միջև, որն այդպիսի արդյունք չի կարող ապահովել։ Ակադեմիան պետք է լինի այն մարմինը, որը կպաշտպանի ֆունդամենտալ գիտության շահերը՝նաև ապահովելով ֆունդամենտալ գիտությանն ուղղվող միջոցների բաշխումը՝ բնականաբար հստակ վերահսկողական և գնահատողական մեխանիզմների առկայության պարագայում։
Նախագծի բովանդակությունից պարզ չէ, թե պետությունը ֆունդամենտալ գիտության զարգացման համար ինչ հայեցակարգ և քաղաքականություն է մշակել։ Անհրաժեշտ է գնալ ոչ թե մեխանիկական լուծումների, այլ Ակադեմիայի առանձին ինստիտուտների համար կիրառել ֆինանսավորման և խրախուսման դիվերսիֆիկացված մոտեցում՝ ըստ սահմանված ցուցիչների:
4. Տարիքային սահմանափակումներ: Նախագծով առաջարկվում է սահմանափակել բուհական կառավարման ոլորտում ակադեմիական պաշտոններ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր) զբաղեցնող անձանց տարիքը: Նախ՝ սա խտրականություն է և հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին: Երկրորդ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մասնագիտական աճը երկար ժամանակ է պահանջում․ գիտնականը ձեռք է բերում համապատասխան հմտություններ, այդ թվում՝ գիտության և ակադեմիական կառավարման վերաբերյալ, բավականին մեծ տարիքում: Համապատասխան տարիքն անցածներին արհեստականորեն սահմանափակելը, առանց կոնկրետ անձի կարողությունների գնահատման, արդյունավետ չէ:
Նախագծի որպես հիմնական խնդիր կարելի է նշել այն, որ վերջինս չունի որևէ հայեցակարգ: Անհասկանալի է, թե այն ինչ նպատակ է հետապնդում, արդյոք ներկայացված քայլերն այդ նպատակին ծառայելու են, ինչ միջազգային փորձի վրա է այն հիմնված և այլն: Այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելուց առաջ լիազոր մարմինը պետք է հստակ ներկայացնի իր նպատակը, թափանցիկ լինի հանրությանը և քննարկման համար լինի բաց:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շահագրգիռ քննարկումներ սկսել նշված խնդիրների վերաբերյալ և նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ։
[b]«Ես համալսարանական եմ» նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
20:02 04-12-2019
Մեկնարկել է քննարկումների շարք Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը