211652_close_icon
views-count2041 դիտում article-date 12:34 01-11-2019

Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Հունաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պրոկոպիոս Պավլոպուլոսին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, ինչպես նաև կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր