211652_close_icon
views-count1641 դիտում article-date 23:38 29-10-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքական և խաղաղարարության հարցերի դեպարտամենտի ղեկավար Ռոզմարի Դիկարլոյին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ նախարար Մնացականյանին շնորհավորեց Հայաստանին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորեցին մարդու իրավունքների առաջմղման գործում միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանում ընթացող բարեփոխումները՝ ուղղված ընտրական գործընթացների, դատաիրավական համակարգի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդմանն ու կայուն զարգացմանը՝ կարևորելով ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող բազմաոլորտ փոխգործակցությունը։ Անդրադարձ կատարվեց բազմակողմ տարբեր հարթակներում Հայաստանի կողմից իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ կանանց առաջխաղացման օրակարգի համատեքստում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը բարձր գնահատեց ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումն ու դրա շրջանակներում ընթացող աշխատանքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների, այդ թվում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ։ Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Երկուստեք ընդգծվեց ՄԱԿ-ի և միջազգային հանրության հետևողական աջակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Նմանատիպ նյութեր