211652_close_icon
views-count2724 դիտում article-date 19:14 29-10-2019

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին: Ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը: ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է: Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագրի ստորագրումը: Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ: ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են նաև 1945թ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր