Նախարար Թորոսյանը ծանոթացել է բուժզննումների խթանման վարքաբանական փորձարկման արդյունքներին
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկման» արդյունքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հենվելով այն փաստի վրա, որ արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում 2-րդ ամենահաճախ հանդիպող տեսակն է կանանց շրջանում` անցկացվել է «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկում», որը ղեկավարել է ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի հանրային քաղաքականության նորարարության թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը: Նա տեղեկացրել է, որ փորձարկմանը մասնակցել է 30-60 տարեկան 20800 կին, որոնց ուղարկվել է 20800 նամակ և 13000 հիշեցում:
Փորձարկման արդյունքում պարզվել է, որ բուժզննում անցնելու հավանականության վրա չեն ազդել ոչ նամակի, ոչ էլ հիշեցման բովանդակությունը, ու ամենամեծ խնդիրը իրազեկման պակասն է: Այլ խոչընդոտներ էլ են եղել` տվյալների անհամապատասխանություն, տվյալների լրացման անփութություն ու հասցեների անճշտություն:
ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանն առաջարկել է հետագայում նմանատիպ փորձարկում իրականացնել այլ հիվանդությունների մասով և կիրառել նաև այլ մարզերում:
Արսեն Թորոսյանն առաջարկել է փորձարկման հիման վրա հավելված ստեղծել, որը չի սահմանափակվի արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելիչ բուժզննմամբ, այլ կընդգրկի նաև ծխախոտը թողնելու և նմանատիպ այլ նպատակներ: