Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չինաստանում
Հոկտեմբերի 19-ից 23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Պատվիրակությունը Պեկինում հանդիպել է չինական «Citic» ընկերության փոխտնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները):
Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով և պատրաստակամություն արտահայտել քննարկելու հետագա մանրամասները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երևան, ուր բանակցությունները կշարունակվեն:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները, ովքեր նաև «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի անդամներ են, Դատուն քաղաքում մասնակցել են խորհրդի տարեկան նիստին: