ՀՀ-ում տեզերական գործունեությունը հարկերից արտոնություն կստանա
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Տիեզերական գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին:
Հարցը ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ է կանոնակարգել տիեզերական գործունեությունը և դրանք զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով, որն իր հերթին կնպաստի երկրի գործունեության այլ ոլորտների զարգացմանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով:
«Միաժամանակ տիեզերական գործունեությունը նախատեսվում է ներառել լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում և այդ ընկերություններին տրամադրել հարկային արտոնություն մինչև 2030 թվականը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ միաժամանակ, ՀՀ-ում տիեզերական արդյունաբերություն, արտադրանք և ծառայություններ մատուցման պասիվության ազդում է նաև ոլորտից ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա։
Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ այս ոլորտում 2 ընկերություն կա, որոնց հետ հիմա բանակցություններ են տարվում, և այս օրենսդրական փաթեթը կնպաստի, որ իրենք գործունեություն ծավալեն Հայաստանում: Խոսքը արբանյակների հավաքման, տեստավորման մասին է:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հերթական անգամ նշեց, որ հարկային արտոնություն տալու դեպքում պետք է դիտարկել, թե դա ինչ արդյունք է տալու, հակառակ դեպքում նման գործիքն իրեն չի արդարացնում:
Խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իսկապես պետք է գույքագրել, թե հարկային արտոնությունները ինչ արդյունք են տվել. «Ընդհանուր առմամբ վատ չէ բիզնեսի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելը»: