211652_close_icon
views-count2456 դիտում article-date 21:33 06-05-2016

ՕԵԿ-ականն առաջարկում է Գյումրիում գործունեությունը ազատել հարկերից

«Հայկական վերածնունդ»-ՕԵԿ –ի պատգամավոր, գյումրեցի Հովհաննես Մարգարյանն առաջարկում է Գյումրիում գործունեությունը ազատել հարկերից: Նման բովանդակությամբ օրենսդրական նախաձեռնություն շրջանառության մեջ դրվել է: Հոդված 2-ը ասում է. «Սույն օրենքի իմաստով  Գյումրի քաղաքում իրականացվող գործունեություն է համարվում  Գյումրի քաղաքի վարչական սահմաններում»: Գործուներությունը, որն ըստ առաջարկի, չպետք է հարկվի, վերաբերում է 1.առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը. 2.տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը՝  Գյումրի քաղաքի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս:   Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ Գյումրիի վարչական սահմաններում գտնվող առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությունը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից եկամուտներն 50%-ով ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող եւ շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված եկամտային հարկից: Առաջարկվում են այլ արտոնություններ: Իսկ այն կազմակերպությունները, որոնք  Գյումրի քաղաքում 40 և ավելի աշխատատեղ կստեղծեն, ինչի նպատակով նվազագույնը 100 մլն. ՀՀ դրամ ներդրում կիրականացնեն, 18 ամսով կազատվեն շահութահարկից և եկամտահարկից: 80 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 200 մլն. ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպություններն էլ 2 տարի ժամկետով կազատվեն շահութահարկից և եկամտահարկից: Կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ նման արտնությունների արդյունքում Գյումրի քաղաքում էականորեն կակտիվանան նպատակային ներդրումները, տնտեսվարողների համար կստեղծվեն հարկային բարենպաստ և առանձնահատուկ արտոնյալ պայմաններ: Նախագծի ընդունմամբ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի տարածքը կսահմանվի ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա ավելացնելու չվերթների քանակը,  կստեղծվեն նոր աշխատատեղեր և' նշված ոլորտում և' ողջ մարզում:

Նմանատիպ նյութեր