211652_close_icon
views-count3340 դիտում article-date 21:57 22-10-2019

Գրականագետ Նինա Գաբրիելյանին շնորհվել է Լևոն Մկրտչյանի անվան մրցանակը

Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը կայացել է բանաստեղծ, թարգմանչուհի, գրականագետ Նինա Գաբրիելյանին ՀՌՀ-ի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: «Մեծարելով թարգմանիչներին և նրանց կարևորագույն, հսկայական առաքելությունը՝ 2003թ.-ին Գրողներին միության հետ համատեղ հանդես ենք եկել նման մի նախաձեռնությամբ՝ մեր լավագույն և արժանավոր թարգմանիչներին համատեղ մեծարելու և պարգևատրելու առաքելությամբ: Մենք ունենք թարգմանիչներ, որոնք սրբադասվել են: Եվ այն ազգը, որը սրբադասում է թարգմանիչներին, երևի թե պետք է ունենա գործողությունների շղթա, որով վերարտադրի թարգմանիչների նկատմամբ ազգային պատկերացումը: Նաև բարձրացնի, վեհացնի կարևորագույն այս աշխատանքը, և հատկապես մեզ համար դա կարևոր է՝ աշխարհին ներկայացնելու համար մեր գեղեցկությունը, մեր բարձունքները, որակը», - ընդգծել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: Մրցանակը Նինա Գաբրիելյանին շնորհվել է հայ բանաստեղծներին ռուսերեն թարգմանելու, ինչպես նաև խմբագրական աշխատանքի համար: «Շատ երախտապարտ եմ Հայ-Ռուսական համալսարանին այս մրցանակի համար: Ես Լևոն Մկրտչյանի հետ ծանոթացել եմ 1978թ.-ին: Այդ օրերին ես մասնակցում էի Արևելքի բանաստեղծ-թարգմանիչների սեմինարին և հանրահայտ պոետ-թարգմանիչ Միխայիլ Կուրգանցևն ինձ հաճախ էր ասում, որ պետք է սկսեմ թարգմանել հայկական պոեզիան: Նա ինձ ասաց, որ անպայման պետք է ծանոթանամ Լևոն Մկրտչյանի հետ: Եվ մի օր ես գնում եմ ծանոթանալու պրոֆեսորի հետ: Սկզբում մտածում էի, որ դա կլինի մի ձանձրալի և ծեր անձնավորություն, բայց երբ մտա իր սենյակ, ոտքի կանգնեց մի երիտասարդ տղամարդ և միանգամից խոսեց շատ անմիջական՝ առանց «վերևից նայելու», - պատմել է Գաբրիելյանը: Իր հերթին Լևոն Մկրտչյանի այրին՝ Կարինե Սահակյանցը, ներկաների համար կարդաց իր ամուսնու նամակը՝ ուղղված «Սովետական գրող» հրատարկչության տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիկյանին, որում նա շատ բարձր է գնահատել Նինա Գաբրիելյանի թարգմանչական տաղանդը: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն» գրքի շնորհանդեսը (վերահրատարակություն, ՀՌՀ հրատարակչություն, 2019թ.): Գրքում զետեղված են միջնադարի հայ բանաստեղծի հայրենները՝ հայերեն, գեղարվեստական անգլերեն և ռուսերեն տողացի թարգմանությամբ: «Այս գիրքը Լևոն Մկրտչյանի թարգմանությամբ առաջին անգամ լույս էր տեսել 1979թ.-ին: Գրքի մեջ, բացի Վիլյամ Սարոյանի ներածական խոսքից, տեղ էին գտել նաև հայրեններն անգլերեն թարգմանած Էվալդ Օզերսի, ինչպես նաև Լևոն Մկրտչյանի նախաբանները: Գիրքը կրկին հրատարակելու գաղափարն ինձ մոտ առաջացավ ոչ միայն Լևոն Մկրտչյանի և Վիլյան Սարոյանի անցած տարվա հոբելյանների առիթով, այլ նաև նրա և թարգմանիչ Էվալդ Օզերսի նամակագրությունը, որի միջոցով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես էր լույս տեսնում «անգլերեն» Քուչակը»,- ասել է Սահակյանցը: Հայ-Ռուսական համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակը ստեղծվել է 2003թ.-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի և Հայաստանի Գրողների միության հետ համատեղ: Տարբեր տարիներին մրցանակի դափնեկիրներ են դարձել Հրաչյա Թամրազյանը, Քնարիկ Տեր-Դավթյանը, Սեն Արևշատյանը, Մագդա Ջանփոլադյանը և Կիմ Բակշին: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր