211652_close_icon
views-count69836 դիտում article-date 18:39 22-10-2019

37 տարեկան հասակում կյանքից հեռացել է դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը

Տևական հիվանդությունից 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը: Այդ կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Խոր ցավով տեղեկացա մեր սիրելի գործընկեր, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Բադալյանի անժամանակ մահվան մասին: Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավել ևս գործընկերոջ կորստի դեպքում: Իր մարդկային նկարագրով, համեստությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Հեղինե Բադալյանը վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի է ընկել իր պարտականությունների կատարման, իր առջև դրվող խնդիրներին մեծ պատասխանատվությամբ մոտենալու հատկությամբ, անխոնջ, անտրտունջ աշխատանքով, բարեխղճությամբ ու հոգատարությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունում իր հետ աշխատած, իրեն ճանաչած մարդկանց սրտերում Հեղինե Բադալյանը լույսի շող, ջերմություն, բարություն և թանկ հուշեր թողեց, ինչպես նաև դառը կսկիծ՝ իր չվայելած երիտասարդության, կյանքի և կիսատ թողած երազանքների համար: Անձամբ իմ և ՀՀ գլխավոր դատախազության ողջ անձնակազմի կողմից ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ հարազատներին, ընկերներին, մտերիմներին այս անդառնալի, խիստ անժամանակ և ծանր կորստի համար: Համբերություն ու տոկունություն եմ մաղթում այս դժվարին պահին»: Կենսագրությունը Հեղինե Բադալյանը ծնվել էր 1982 թ. օգոստոսի 14-ին, Երևան քաղաքում: 1999-2005 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ստանալով պետական և մունիցիպալ կառավարման բակալավրի, ապա մագիստրոսի աստիճաններ: 2007-2010 թթ. սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում՝ ստանալով իրավաբանի կրթություն: 2011-2013 թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան: Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003 թվականի օգոստոսից՝ Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես խմբագիր: 2003-2013 թթ. աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա աշխատակազմի ղեկավարի օգնական, նախարարի տեղակալի օգնական: 2013 թ. տեղափոխվել է դատախազության համակարգ, նախ՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ: ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ. ապրիլի 7-ի հրամանով նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ՝ ստանալով արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: Ամուսնացած չէր:

Նմանատիպ նյութեր