211652_close_icon
views-count1659 դիտում article-date 23:59 21-10-2019

Շտապօգնության ոչ հրատապ կանչերը կսպասարկի պոլիկլինիկայի բժիշկը. փորձնական ծրագիրը տարածելու պլան կա

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի Նոր Նորք համայնքում սկսած փորձնական ծրագիրն ընդլայնելու մտադրություն ունի, որով շտապօգնության կայանից պոլիկլինիկա են ուղղորդվելու չորրորդ մակարդակի համարվող կանչերը (ոչ շտապ): Պոլիկլինիկայի բժիշկն ու բուժքույրը կանչերը սպասարկելու են մարդատար մեքենայի միջոցով: «[url=https://armenpress.am/arm/news/992401.html]Արմենպրես[/url]»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը: Երևանի Նոր Նորք համայնքում հոկտեմբերի 15-ից իրականացվում է փորձարարական ծրագիր, որի շրջանակներում հոկտեմբերի 18-ի դրությամբ շտապօգնության կայանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ պոլիկլինիկա ուղղորդվել է թվով 5 չորրորդ մակարդակի համարվող կանչ (ոչ շտապ): Կանչերը սպասարկվել են պոլիկլինիկայի բժշկի և բուժքրոջ կողմից՝ մարդատար մեքենայի միջոցով։ «Միանշանակ ուզում ենք գոնե Երևանի մասշտաբով սա տարածել: Սկսել ենք Նոր Նորք վարչական շրջանից՝ երկու պատճառով։ Նախ` այն աշխարհագրորեն լավ տարանջատված է մյուս շրջաններից, բացի այդ դա մեր ենթակայությամբ գործող բժշկական կենտրոնի պոլիկլինիկան է, որը սպասարկում է 100 հազար բնակչության»,-ասաց Թորոսյանն ու նշեց՝ այս պահին սպասարկվում են հաստատությունում եղած այն մեքենաների միջոցով, որոնք կատարում էին ցերեկային այցեր: Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի պոլիկլինիկայում արդեն իսկ առկա էին մարդատար մեքենաներ, որոնք կատարում էին ցերեկային այցեր: Դրանք հիմա շարունակում են ծառայել երեկոյան կանչերի համար։ Թորոսյանն անկեղծացավ՝ այս ծառայության իրականացումն իր երկրորդ երազանքն է եղել՝ սանավիացիայի ուղղաթիռի կիրառումից հետո: Նա նշեց՝ Վիեննայում այս պրակտիկան ևս կիրառում են, նախարարը դրան ծանոթացել է դեռ 2015-ին Ավստրիայում եղած ժամանակ: «Նրանք ասում էին, որ դա արել են Շտապօգնության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար, քանի որ պարզապես ջերմություն կամ ճնշում չափելու համար ժամը 23։00-ին պետք չի զբաղեցնել այդ կարևոր, կյանք փրկող մեքենաները։ Մեր հիմնական նպատակն էլ դա է, սակայն նաև ինչ-որ ձևով պոլիկլինիկական համակարգի վստահությունը բարձրացնելը, ցույց տալը, որ իրենք կարող են ավելի շատ գործ անել, ավելի մոտ լինել պացիենտին, իրենք գնալ պացիենտի մոտ, այլ ոչ թե սպասեն, որ պացիենտը մի օր ստիպված ինչ-որ տեղեկանք վերցնելու կամ դեղ ստանալու համար գա պոլիկլինիկա»,-ասաց Թորոսյանը: Նախարարը կարևորեց պոլիկլինիկական այցերի քանակն ավելացնելը՝ սակայն ոչ արհեստականորեն, այլ վստահությունը բարձրացնելով: Նախարարը վստահ է, որ այդ նախաձեռնությունը հաջողելու են առնվազն Երևանում, հետո կմտածեն մեծ քաղաքների մասին: Թորոսյանի կարծիքով՝ սակայն գյուղական բնակավայրերում այդ մեթոդը չի աշխատի, քանի որ այդ ծառայությունն ապահովելու անհրաժեշտ է լինելու կանչերի քանակ: Նա նկատեց՝ եթե կանչերն այնքան քիչ են լինելու, որ մեքենան պարապուրդի մատնվի, ապա Շտապօգնությունն էլ այդ հարցը կլուծի:

Նմանատիպ նյութեր