211652_close_icon
views-count1668 դիտում article-date 19:02 16-10-2019

Վարչապետը վստահ է՝ Ryanair-ի մուտքը հայկական շուկա ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքը Հայաստան կհանգեցնի ոչ միայն ավիատոմսների գների անկման, այլ նաև զբոսաշրջիկների հոսքի ավելացման: Ն. Փաշինյանը նման տեսակետ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ: «Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան: Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ: Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման»,-նշել է վարչապետը: Վարչապետը հիշեցրել է նաև, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ: Փաշինյանը շեշտել է՝ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: «Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,-եզրափակել է վարչապետը։ Ryanair-ի Հայաստան մուտք գործելու մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

Նմանատիպ նյութեր